Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

րը չեն, անգլիական օրենսդրությամբ մարդու անձնավորությունը պաշտպանված է ամենայն կերպ, առավել քան թե բոլոր Եվրոպայի մեջ, բայց կան հանցանքներ, որ մահով է պատմում այդ ազատ կառավարությունը։

Իսկ մեք Պողոսի համար մահապարտության խոսք արած չէինք, և վատությունը միայն հարկադրել էր պ, Չամուռճյանին քաշքաշելով մեր ասածը, ինկվիզիցիոն հանդես հանել։

Թող ընթերցող հասարակությունը վերստին կարդա Պողոսի չարագործությունքը Մեղուի մեջ և թող կարդա ոչ որպես սոսկ լուր, որ վերաբերություն չուներ ընթերցողներին, այլ որպես մարդ և մարդկային զգացողությամբ։

Աղջկա կուսությունը խախտել, հետո ամուսնացնել նորան յուր մանուկ փոքրավորի հետ, հետո ստիպվելով առևանգյալ կնոջ բողոքելուց, ամուսնությունը լուծել և վերստին պսակ դնել մի այլ մարդու հետ։

Մի ուրիշի ամուսնություն հինգ հարյուր ղուռուշի համար լուծել և վերստին այլ մարդու հետ ամուսնացնել։

Հղի կինը կապել և այնքան ծեծել, որ հղացած զավակը վիժե և այլն, և այլն, և այլն։

Մեք սարսափում ենք այս տողերը գրելով, որովհետև արյամբ չափ հարգում ենք մարդկային ազատությունը և իրավունքը, իսկ պ. Չամուռճյանը, այս հանցանքների մոտից թեթևությամբ քերվելով, ինկվիզիցիոնական է համարում Պողոսը դատաստանի մատնելը և մտածում է թե այդ անտեղի և գեղջուկ բացագանչությամբ պիտի կարողանա բռնաբարել ազատությունը, խե՜ղճ մարդ։

Մեք, մեր ամբաստանված նամակով, այդ չարագործությունների համար, մեր կարծիքը Պողոսի մասին հայտնեցինք այնպես, որ ավել չէինք, եթե այն բռնաբարված աղջիկը լիներ մեր քույրը, եթե այն ծեծված կինը լիներ մեր ամուսինը, բայց կարծում ենք, թե պ. Չամուռճյանը այնպես խոսելու չէր, ինչպես այժմ խոսեցավ, եթե Պողոսի չարագործության ենթակա եղած լիներ յուր քույրը կամ կինը։

Ինչի՞ համար է այս խտրությունը, ի՞նչ բանով ավելի իրավունք ունի պ. Չամուռճյանի պատվելի դուստրը կամ ամուսինը, քան թե մի վանցի լլկված և բռնաբարված անմեղ աղջիկ, քան թե մի նահատակված կին, քան թե մի զավակ, որ, դեռ հրապարակի լույսը չտեսած, սպանվում է պ. Չամուռճյանի վարդապետի ձեռքով և մոր արգանդից տեղափոխվում է դեպի գերեզման։

Եվ այս տեսակ անասելի և անլսելի ոճիրների համար, չարագործը եկեղեցական կամ քրիստոնյա չճանաչելը հանցա՞նք է կամ անօրենություն, ինչպես կամի հավատացնել մեզ պարոնը յուր տիտայական փիլիսոփայությամբ: