Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ո՛վ է այն մարդը, որ պիտի փակե մեր բերանը այս անօրենությունների ընդդեմ բողոքելուց, ո՛վ պիտի համարձակի բռնանալ մեր ազատ խղճմտանքի վերա և հարկադրել եկեղեցական ճանաչել մի պիղծ էակ, որ կորուսանում է յուր սոսկ մարդ կոչվելու իրավունքը անգամ. պ. Չամուռճյա՞նը, յուր փտած ու վաճառված գրիչով, թե՞ Կրոնական ժողովը յուր մտացածին իրավասությամբ։

Ի՞նչ ունի մեզ ասելու Կրոնական ժողովը, եթե ասենք նորան, թե Կրոնական ժողովի գործը և պաշտոնը է քննել և դատել հոգևորների այն գործերը միայն, որ ուղղակի վերաբերություն ունին դավանաբանական խնդիրների։

Ո՞ր աշխարհի մեջ տեսված է, որ եկեղեցականը, քաղաքական կամ քրեական հանցանքների համար դատվի կրոնական ատենի առաջև։

Մեք բողոքում ենք, մինչև այժմ հայոց մեջ եղած այս անկարգության ընդդեմ։ Մեր հոգը չէ, եթե այդ կտորը սխալմամբ անցած ևս է Սահմանադրության մեջ[1]. դորա հակառակ դարձուցանում ենք ազգի ուշադրությունը այս բանի վերա և խնդրում ենք սրբագրել, եթե հիրավի առանց բացատրության ասված է, թե եկեղեցականների դատը պատկանում է Կրոնական ժողովի տեսչության։ Եկեղեցականը, քաղաքական և քրեական գործերի պատճառով պիտի դատվի քաղաքական և քրեական ատյանների առաջև, միայն Կրոնական ժողովի կողմից մի պատգամավորի ներկայությամբ, որ հարկ դիպվածում պաշտպանե պարտավորվածի իրավունքը, եթե քաղաքական կամ քրեական ատյանները հակին դեպի անարդարություն։

Եվ մի՞թե եկեղեցականը, գողության, անառակության և սպանության համար պիտի հանդիման լինի կրոնական ատենի առաջև, մի՞թե այդ կրոնական ատյանը գողությունը, անառակությունը և սպանությունը պիտի համարե կրոնական խնդիրներ, ուրեմն և Կրոնական ժողովի դատաստանին ենթակա, մի՞թե այդ հանցանքները գործող եկեղեցականը նույն պատիժը կրելու չէ, ինչ որ պիտի կրեր մի աշխարհական։ Այդպիսի դիպվածում, եկեղեցականությունը չէ՞ դառնում արդյոք մի ապաստանարան, ուր կարելի էր ամենայն անօրենություն գործել անպատիժ։ Եվ եթե այդպես պատահի, ձախողակի, այնուհետև այդ եկեղեցականությունը պիտի դատավո՞ր նստի ուրիշի խղճմտանքին, պիտի հանդգնի բերա՞ն բանալ, մա՞րդ խրատել, իրավասությո՞ւն բանեցնել:

  1. Այս տողերը գրելու ժամանակ մեր ձեռքում չունեինք Սահմանադրությունը և մեր հիշողությունը զլացավ մեզ օգնել, ըստ որում Պոլիս, ճանապարհի վերա, մի անգամ գեթ կարդացինք ալդ փրկաբար կանոնադրությունը (Ծ. Հ.):