Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբեք հարակից է այն թատրոնական գործողությունը, զգեստավորելով և մերկացնելով յուր քահանայական զգեստներից պարտավորվածը։

Այդ դատապարտության մեջ, որպես նաև դատավճիռը գործ դնելու մեջ, պաշտոնակատար է միմիայն խղճմտանքը և իրավադատությունը։

Այս խոսքերը ասելուց հետո ամենայն իրավունք տալիս ենք պ. Չամուռճյանին, կամեցածի չափ, մաշտոցի կամ Սուրբ գրքի խոսքերը քաշքաշելու։

Մյուս կողմից, Կրոնական ժողովը, եթե ստուգիվ, և ոչ որպես խրտվիլակ[1] կամ մի այդպիսի ժողով, ապա ուրեմն կազմված չէ հոգեվորների անարժանությունքը քողարկելով ժողովրդի գայթակղությունը զորացնելու համար, նա կազմված չէ անիրավությունը պաշտպանելով, հարստահարված ազգին թշվառության մրուրը մինչև տակը խմեցնելու համար, այլ ազգի ապականող աղվեսները բռնելու և հոտը գիշատող գայլերը ջնջելու համար։

Ազգը չէ հոգևորների համար, ուրեմն և ոչ Կրոնական Ժողովի համար, այդ գաղափարը թող հանեն միանգամ յուրյանց մտքից, այլ հոգևորը և Կրոնական ժողովը եղած են և կան ազգի համար, և նոցա հարուցանողը, պահողը և դարմանողը ազգն է դարձյալ։

Անցան այն ժամանակները, երբ մարդիկ ոգևորվում էին վերացական և միստիկական բաներով, անողոքելի իրական աշխարհը, երկաթի գավազանը ձեռքում, պահանջում է յուր արդարացի հարկը։ Մարդկությունը կապված է երկրագունգի հետ. փորձերը ուսուցին նորան, յուր երջանկության և թշվառության պատճառները գտանել երկրագունդի վերա։

Անցան և անդառնալի անցան այն խավար օրերը, երբ մարդիկ երջանիկ էին համբուրելով մի սևագլխի քղանց կամ շատ անգամ զոշաքաղությամբ և պոռնկությամբ ապականված մի ձեռք։

Ո՛հ, ինչ սարսափելի վիհ կա այն անցած օրերի և այժմուս մեջ։ Այս րոպեիս այդ մարդիկը քաջ գիտելով, որ աժանավորությամբ չեն կարող շահիլ ազգի համակրությունը, փորձ են փորձում բռնանալու նոցա վերա, կոպիտ ուժի օգնությամբ, կամ յուրյանց խավար ատմոսֆերի մեջ նզովքի փայլակներ փայլատակեցնելով։

Երանի՜ այն մարդուն, որ յուր անձը և գրիչը կնվիրե դոցա անբնական իշխանությունը ազգի վերա պահելու համար, երանի՜, որ կաշխատի ճնշյալ ժողովրդի իրավունքը իսպառ ոտքի տակ առնելու համար։

  1. Այս խոսքի վերա դարձնում ենք պ. Չամուռճյանի մասնավոր ուշադրությունը և շտապում ենք ասել, որ չկամեինք խարտվիլակ ասել, որպես առաջին անգամ չկամեինք խրտվիլակ ասել, եև պարոնը այն տպագրական սխալը մատին փաթեթ էր շինել (Ծ. Հ.):