Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկեղեցականներին, և ազգը իրավունք չունի այդ բաների մեջ խառնվելու, որովհետև եկեղեցին կազմողը է ազգը, որովհետև եկեղեցին ազգինն է․ հրաշալի լոգիկա։

Ո՛չ երբեք, ո՛չ բնավ։

Մինչ իսպառ բողոքելով, մինչև այժմ եղած հոգևորական չարաչար կառավարութենից և Հյուսիսափայլ խնդրած ռեֆորմը հետ չառնելով կրկնում ենք այսօր նույն պահանջողությունքը։

Այո՛, ռեֆորմ խնդրում ենք այն սկզբունքների մեջ, որոնցից կախված են հոգևոր մարդերի որևէ պաշտոն ստանալը։

Ռեֆորմ պահանջում ենք եկեղեցու տնտեսական կառավարության մեջ, որպեսզի այսուհետև գեթ եկեղեցական գանձերը չհափշտակվին, չգողացվին և եկեղեցական ոսկի և արծաթի սպասքը հրեա ոսկերիչների քուրաների մեջ չհալվին...

Ռեֆորմ պահանջում ենք հոգևոր իշխանների և առհասարակ եկեղեցականների դեպի ազգը ունեցած հարաբերության մեջ։ Պարտակա՛ն են նոքա ուղղել յուրյանց ընթացքը. մինչև այժմ, վարձկան պորտաբույծ և ոչ հովիվ հոտաբույծ, մինչև այժմ նոցա համար բողոքել է մարգարեն. «Ո՛հ հովիւք, որք զանձինս արածէք և ոչ զխաշինս»։

Ռեֆորմ պահանջում ենք եկեղեցականների կրթության և դաստիարակության մեջ։ Քահանա ունինք, որ կարդալ չգիտե. քահանա ունինք, որ հայերեն չէ կարող խոսել։

Ռեֆորմ պահանջում ենք եկեղեցականների ձեռնադրության պայմանների մեջ, մինչև այժմ «Առ մեզ անպէտ առ ամենայն կացութիւն մարդ, պիտանացու դատի առ հոգևորականութիւն»[1], մինչև այժմ սիմոնականությունը վերջին տեղը չունի...

Ռեֆորմ պահանջում ենք առհասարակ եկեղեցական կառավարության մեջ, որ խառն ի խուռն և անկարգությամբ հառաջանալով, մեծ մասով պատճառ է եղել ազգի դարավոր թշվառության։

Այս վերջին պարբերության ընդդեմ, մասնավորապես, պիտի եռ գան դարձյալ ախտերը, պիտի դարձյալ կրկնեն նույն բանը, ինչ որ վաղուց արդեն լսում ենք զանազան հոգևորներից, թե նոցա արդյունքն է, որ հայոց ազգը ապրում է մինչև այժմ աշխարհի երեսին։

Եթե կան մի տեսակ մարդիկ, որ ընդունում են այս սնոտի պարծանքը եկեղեցականների, ոչ միայն չկատարած, այլև երազում անգամ չտեսած գործի մասին, մեր փույթը չէ. մեք մեր կողմից հոգու ամենայն

  1. Ի նամակէ մերմէ առ Վեհափառ Կաթողիկոսն ամենայն Հայոց, որ ի 11–էն փետր, 1860 ամի․ ի Ս. Պետերբուրգ քաղաքէ։ (Ծ. Հ.)։