Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ամերիկա, Ավստրալիա, Հնդկաստան, զանազան կղզիներ, բնականապես և գլխավորաբար, հառաջանում են դարձյալ Բրիաանիո մեջ հասարակ ժողովրդի հող չունենալուց։

Բայց այժմ, բյուրավոր գործավորների այս ներկա թշվառության մեջ, ավելի սաստկանում է գաղթելու կարոտությունը, և պիտի գաղթե նա, որ չկամի սովամահ մեռնիլ և մեռցնել յուր ընտանիքը։ Մի գործունյա մարդ, անդամ որևիցե ստրկացած ազգի, թող այսօր առաջարկե Անգլիո մեջ անգործ և հուսահատ գործավորներին և ասի. «Եղբարք, ահավասիկ երկրագունդի այսինչ կետի վերա ես ունեի երբեմն հող և ազատություն, որ հետո ավազակները կողոպտեցին ինձանից, եկերք գնանք այնտեղ հետևյալ պայմանով։ Ձեզանից յուրաքանչյուր գնացող պիտի զենք ունենա յուր ձեռքում և Հարկ դիպվածում պատերազմ պիտի մղե, իմ հետ հավասար, երկիրը ավազակի ձեռքից ազատելու համար, այս պահանջում եմ ձեզանից։ Իսկ սորա փոխանակ, ես իմ ազգի անունով խոստանում եմ ձեզանից յուրաքանչյուր զենքով գնացող անհատին այնչափ հող, որչափ որ ինձ կամ իմ ազգի յուրաքանչյուր անհատին պիտի բաժին ընկնի։ Խոստանում եմ ձեզ, որ դուք հավիտյանս հավիտենից կարող եք մշակել և գործել ձեր բաժին ընկած հողը, առանց վաճառելու կամ գրավ դնելու իրավունք ունենալու, քանզի ես և իմ ազդի յուրաքանչյուր անհատը նույնպես չպիտի ունենա գրավ դնելու կամ վաճառելու իրավունքը»։ Մի այսպիսի գործունյա մարդ, այսպիսի առաջարկությամբ, կարող է հազարավոր կամավոր զինվորք գտնել Անգլիո մեջ, և այն ինչպե՞ս զինվորք։ Զինվորք, որ քաջ տեղյակ են երկրագործության, գյուղական տնտեսության և այլ ամենայն տեսակ ձեռագործական արվեստների, որչափ որ մինչև այժմ մարդկային բանականությունը հառաջացոլցել է Եվրոպիո մեջ։ Այս լոկ խոսք չէ, այլ ամենայն ուշադրության և ընդունելության արժանի։

Եվ վաճառելու կամ գրավ գնելու իրավունք չունենալը բնավ չէ կարող վշտացնել նորան կամ հետ կացնել գործից, եթե կերպարանագործես նորան պայմանիդ խորհուրդը։ Եվ այսպես, դնենք թե խոսում ենք մի այդպիսի դժբախտ գործավորի կամ անհող երկրագործի հետ։

– Կգամ, — ասում է նա, — և զեն ի ձեռին, քեզ հետ քո թշնամու ընդդեմ կպատերազմիմ...

– Եվ իմ հավասար իրավունք և արտոնություն կունենաս այն հոգի վերա, որ պիտի ազատենք,— ընդհատում եմ ես նորա խոսքը։

– Բայց դու պայման դրեցիր, որ գրավ դնելու կամ վաճառելու իրավունք չպիտի ունենանք։