Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և արվեստը անհրաժեշտ է և մեծապես պատճառ ազգի հարստության, բարօրության և երջանկության, եթե ազգի փոքրագույն մասը պարապում է նորանով, եթե մյուս մեծագույն մասը ամուր նստած է հողի վերա և գործում է նորան։

Այն ազգը, որ չունի հող և երկիր, երբեք չհուսա, որ պիտի հարստանա. այդ անբնական մի բան է և ղորան հուսալը խելագարություն։ Թո՛ղ բնավ չհուսա, որ առաջ հարստանա և հետո երկիր ձեռք բերե. այդ լինելու չէ։ Նախ, որ հարստությունը, որ եթե կա այդ ազգի մասնավորների ձեռքում, կամ վաճառականությունը, որ եթե վաճառականություն է.., հիմք չունի, այլ, իբրև պատահական մի բան, ենթակա է պատահարների ազդեցության։ Երկրորդ, որ հող և երկիր տիրաբար ձեռք բերելու նպատակը և խորհուրդը փառք չէ, պատիվ չէ, դոքա երեխայական գաղափարներ են, այլ հնար գտնել յուր կյանքը և գոյությունը ապահովելու համար։ Եվ հավատացե՛ք, որ վաճառականությունը և արվեստը որչափ որ ծաղկին, թեև առանց երկրագործության չկա և վաճառականություն[1], որչափ որ մասնավոր մարդիկ միլիոններ գիզեն, այսուամենայնիվ ենթակա են բամբակի և ժապավենի ազդեցության։ Մի մրրիկ, մի փոթորիկ, և... Գնա՛ տխրադեմ ցնցել դատարկ քսակները, որոնց մեջ լցված էին երբեմն ոսկին և արծաթը։

Տնտեսական խնդիրը միակ խնդիր է մարդու կյանքը և գոյությունը ապահովելու համար, և որչափ ծանր արժեք ունի այս խնդիրը, որչափ մարդը անքակտելի կապված է նորա հետ, այնքան դժբախտ է եղել այդ խնդրի ճակատագիրը։ Նա դարձել է մի քար, որի վերա մարդը քանի և քանի՛ անդամ գայթակղեցավ։

Վերջին անգամ գոռաց նա, «կեցցե՛ ազատություն, կեցցե՛ հավասարություն, կեցցե՛ եղբայրություն»:

– Կեցցե՛, կեցցե՛,— հնչեցին ամեն կողմից բյուրավոր արձագանք։ Պատնեշներ շինեցին, փողոցների սալահատակները կողոպտեցին, աղաղակ, խռովություն։

– Ի՛նչ բանի վերա եք։

– Չե՞ս տեսնում. ազատություն, հավասարություն, եղբայրություն, կեցցե՛:

– Կեցցե՛, կեցցե՛։

– Թո՛ղ կենան, թո՛ղ ապրին օդի մեջ,— ասաց մինը, որի աչքերը ավելի հեռատես էին։

  1. «Եվ առանց ազատ հողի չկա երկրագործություն» (հեղինակին ականջն ի վայր աներևույթ սատանան:(Ծ. Հ.)