Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Ին՞չպես, թշվառական դու... Վայրկյանի մի... Եվ շան սատակ, կլինիս հարվածիս տակ, եթե կեցցեներ չգոռաս։

— Կեցցե՛, կեցցե՛:

— Այո, այդպես. կոպիտ... Անկիրթ... Մինչև այժմ չե՞ս հասկցել, որ աշխարհը լուսավորվել է և չէ կարող այլևս բռնության տանել...

— Մի՛ բարկանար, աղաչում եմ, մի հարցմունք...

— Այժմ կեցցեից ավելի ուրիշ բան չէ կարելի խոսել. կեցցե՛։

— Կեցցե՛,— ասաց խեղճ մարդը և հեռացավ հրապարակից:

Տարին չորս եղանակ ունի, իսկ մարդկային կյանքը բյուրավոր չորսեր։ Այն օրից լոկ կեցցեի եղանակ էր և ուրիշ բանի վերա խոսողը մահի պարտավոր։

Միքանի օրից հետո, երբ արդեն ազատությունը, հավասարությունը և եղբայրությունը նստել էին արքայական գահի վերա, երբ բոլոր փողոցները և տուները, մինչև անգամ այս անբան գոյոլթյունքը, կարմիր ներկերով և խոշոր տառերով, անբարբառ, գռռացել էին բյուրավոր կեցցեներ, երկու մարդ հանդիպեցան միմյանց մի անկյունում։

— Ողջույն։

– Ողջույն։

— Քանի ժամանակ է, քեզ տեսած չէի, բայց ասես թե– խելք կա՞ր գլուխներս, որ միմյանց պատահեինք, քանի որ երեսի վերա մնացած ազգը փրկելու և գերութենից ազատելու հետ էինք զբաղած։ Բայց,— ինքնաբավական կերպով հառաջ տարավ խոսքը,– պիտի իրավունք տալ մեզ, որ կտրիճի պես գործ կատարեցինք և մեր դարավոր ցանկության, վերջապես, հասանք։

—Ի՛նչ շինեցինք։

— Ավելի ի՞նչ կամիս,— և տհաճությամբ կրկնեց այն ճակատագրական երեք խոսքերը։

— Ա՞յդչափ միայն։

Խոսակիցը զարմանում էր սորա բթամտության վերա, և գրեթե ատելության աչքով նայում էր դեպ ուղիղ նորա աչքերի մեջ։

— Ինչո՞ւ այդպես շփոթում է և խռովում է քո խաղաղությունը իմ պարզ հարցմունքս և կամենում ես բռնակալ հայացքով պապանձեցնել լեզուս, մինչդեռ ասում ես, թե ձեռք բերածներիս մինը ևս ազատություն է։ Թո՛ղ, գեթ խոսքով օգուտ քաղեմ այդ արտոնութենից։

Խոսակիցը վայրկյան մի շփոթեցավ և, իրավը պետք է ասել, խղճի խայթ ևս զգաց, ազնվաբար, որ հին ժամանակների վերա գնալով և մոռնալով ազատության թագավոր նստելը, կամեցավ մի ակնթարթ, բռնանալ խոսողի կարծիքի վերա: