Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ասա՛, եղբայր, ասա՛, ինչու չէ. ես պատրաստ եմ քեզ լսելու։

— Ուրեմն, ազատություն, հավասարություն և եղբայրություն, այնպես չէ՞, բուն իսկ բարոյական և բնական սկզբունք։

— Ճիշտ այդպես, ինչպես երկու անգամ երկուքը չորս։

— Շատ բարի. բայց ասա՛ խնդրեմ, ազա՞տ եմ ես, միմիայն օրենքով, քաղաքականապես ազատ կոչվելով, ազա՞տ եմ ես, քանի որ նյութական կարոտությունը ստիպում է ինձ, կամա ակամա, մի ուրիշին ստրկանալ, ուրիշին ծառայել և այդ ծառայությամբ հաց ճարել իմ ընտանիքի համար։ Ազա՞տ եմ ես, եթե տեր ունիմ, որին եթե իմ ազատությունը հայտնեմ բացարձակապես, պիտի զրկեմ ապրուստից և ինձ և իմ ընտանիքս, ծառա լինելուց դադարելով, և այս բոլորից հետո ազա՞տ եմ ես... Երևակայությա՞ն մեջ, թե՞ օդի մեջ։

— Այդ ի՛նչ խոսք է, աշխարհը ինչպես կարող է կառավարվիլ, եթե չլինի նյութի և աշխատության փոխադարձ հատուցում։

— Բայց ես մտածում եմ, որ կարող է և մանավանդ երջանիկ, եթե աշխատությունը բռնադատական չէ, այլ կամայական, եթե նա աշխատություն է և ոչ ծառայություն, եթե մարդկային իրավունքները անխտիր հավասարաչափ են և ոչ մինինը ավելի, իսկ մյուսինր պակաս։

— Պարոն, հավասարությո՜ւն, մոռցա՞ր...

— Չեմ մոռցել, բայց չկա։

— Ինչպես թե չկա։

— Շատ հասարակ կերպով։ Ես և դու հավասար իրավունք ունինք, իբրև հայրենիքի հավասար որդիք, այնպես չէ՞։

— Այո՛, ամենևին այդպես։

— Ուրեմն արդարություն չկա։ Եվ դուք պիտի համաձայնիք, որ կա՛մ հավասարություն չկա, կա՛մ արդարություն, որ իրավունք առնե մեր հավասարության իրականապես, քանի որ հավասարությունը, իբրև լոկ խոսք, հնչում է միայն օդի մեջ և քանի որ իրական անհավասարության հետևանքը շինում է ինձ ազատ–ստրուկ։

— Չեմ հասկանում։

— Կհասկանաս, և, այս րոպեիս։ Ո՞րքան հող ունիս դու։

— Հարյուր հազար քառակուսի գազ...

— Ե՞ս որչափ ունիմ։

— Չգիտե՞ս որ չունիս։

— Հըմ. դու հայրենիքի որդի՞ ես։

— Այո։

— Ե՞ս։

— Նույնպես։