Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


են պարտքի մեջ, և երկրորդ, հողատերերի մոտ։ Ոսկին և արծաթը չէ մնում տերությանց և հասարակության մոտ և չէ կարող մնալ, քանի որ տերությանց ծախքերը, օրըստօրե բարձրանալով, լեռնանում են, և քանի որ ժողովուրդը հող չունի և ուր որ ունի, չկամի գործել։ Նա թողում է դաշտը և դնում է քաղաք կամ մայրաքաղաք, նշանակում է, թե օրըստօրե պակասում է երկրագործների թիվը, հետևաբար ընկնում է զուգակշիռը։ Դիցուք հազար հոգի շինական երկիր էին գործում, որոնք երկրագործութենից հառաջացած արդյունքը վաճառելով, անշուշտ, պիտի ներս բերեին դուրսից յուրյանց մեջ որևիցե քանակություն ոսկու և արծաթի։ Այժմ այդ հազար հոգին, թողնելով երկրագործությունը, թե կամա և թե ակամա, և երթալով և բնակվելով քաղաքի մեջ, ոչ միայն փոքրացնում է երկրագործների թիվը, այսինքն, դուրսից հասարակ ժողովուրդի մեջ ոսկի և արծաթ բերողի թիվը, այլև շատցնում է երկրագործության արդյունքի կարոտողների թիվը։ Եվ փոխանակ որ ինքը պիտի դրամ ստանար դուրսից, այժմ ինքը պիտի տա։ Այո՛, այն մարդը որ թողեց երկրագործությունը և գնաց քաղաք, վաստակ է առնում դարձյալ, բայց երկրագործության և այն վաստակի մեջ կա մեծ տարբերություն։ Երկրագործը ունի հիմք, նա ունի հող, նորա ձեռքում կա նյութ, որ ասել է ուժ և կարողություն դրամի համազոր, բայց երբ նա թողեց երկիրը և գնաց քաղաք, այնտեղ ոչ հողը կա և ոչ նյութը․ նա տարավ յուր հետ միմիայն աշխատությունը, այսինքն, յուր երկու ձեռքը։ Աշխատությունը առանց նյութի և առանց հիմքի, հասարակաց վերաբերությամբ, չունի՛ այն ուժը և զորությունը, ինչ որ ունի աշխատությունը, երբ նորա հետ զուգընթաց է նյութը, երբ այդ բոլորը հաստատած է հիմքի վերա։ Հավելացու՛ր սորա վերա և քաղաքային ծախքը, որ ուտում է և մաշում է բոլոր, ինչ որ մարդը յուր աշխատությամբ վաստակել էր։ Նա հազիվ հազ ծայրը ծայրին է հասուցանում յուր եկամուտը և ծախքը, նա վարձկան է, իսկ վարձկանի աշխատությունը յուր համար չէ, վարձկանի հառաջ բերած արդյունքը վայելում է նորա տերը։ Ո՞վ է նորա տերը։ Վաճառականը կամ գործարանատերը։ Ուրեմն, շահը վաճառականի կամ գործարանատիրոջ մո՞տ է։ Վաճառականների մի մասը ուղակի վարձկան է գործարանատերերին, իսկ մյուս մասը գործարանատերերի հետ միասին, վարձկան այն վերասած մոնոպոլիստների, որոնց մոտ կենտրոնացած է դրամական ուժը։ Ուր որ է դրական զորությունը, այնտեղ է և դրական շահը։ Մյուս բոլորը, որ ինքյանք զորություն չունենալով պիտի ուրիշ զորությամբ շարժին, վարձկան են այդ զորության։ Նոցա շահը այն է, որ հազիվ հազ ապրում են, բայց նոցա կյանքը զոհված է զորության շահին։