Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Կա՛ց, - ասում է մինը, որ չէ սիրում ուրիշի, մանավանդ մի նոր կարծիքի հավանություն տալ։ -Եվ դու կարծեցիր թե խելքիս նստեցուցի՞ր ասածներդ...

– Ի՛նչ կա։

– Դու ասացիր, որ դրամի պակասությունը հետևանք է երկրագործության ընկնելուն, որից դուրս ես բերում զուգակշռի ընկնելը և դրամական կենտրոնացությունք (centralisation)։ Այդ սխալ տեսություն է, քանզի դրամի պակասությունը երևութական է, որովհետև այսօր ամեն մարդու մոտ ավելի դրամ կա, քան թե սորանից տասն տարի առաջ։ Դրամը պակասել չէ, այլ զորություն չունի, որովհետև թանկությունը երթալով զորանում է։ Մի մարդ, որ սորանից տասն տարի առաջ հարյուր ոսկի ունենալով, հանգիստ կարող էր ապրել մի տարի, այժմ նույն մարդը երկու հարյուր ունի, բայց ապրում է նեղությամբ, քանզի այժմյան երկու հարյուրը անցած ժամանակների հարյուրի զորությունը չունի, որովհետև ապրուստը թանկ է։

– Ի՛նչ է այդ թանկության պատճառը և ի՛նչ ասել է թանկություն։

– Եթե մինչև այժմ չգիտես թե ինչ է թանկությունը, ինչ ասացիր ու գրիչ առիր ձեռքդ։ Թանկության պատճառն ես հարցանում ինձանից, պատճառը ո՞րն է։ Ապրանքը իմը չէ՞, երեկ վաճառում էի տասնի, այ սօր քսանից պակաս չեմ տալիս, կարո՞ղ ես բոնի հափշտակել։ Այն տունը ուր ես բնակվում եմ, սորանից տասն տարի հառաջ վարձում էի հիսուն ոսկու, այժմ տան տերը չկամի տալ հիսունի և պահանջում է հարյուր, ի՜նչ կարող ես ասել։ -Եթե դու չտաս հարյուր, ուրիշ տվող կա, — ասում է նա, և եթե ես նորան չտամ հարյուր, ուրիշ տեղ ևս պակաս գնով չէ պիտո գտանեմ, ուստի և հարկադրված վճարում եմ այժմ հարյուր։ Ին՛չ հարկավոր է տան վերա խոսիլ, ո՞ր բանը այսպես չէ։ Այսքան տարի ապրել եմ և միշտ կոշիկ ես հագել, և միշտ մի զույգ կոշիկի համար վճարել եմ կես ոսկի, այժմ, այն նզովից արմատ կոշկակարը ասում է, թե չէ կարող մի ոսկուց պակաս կարել։ Խոսելիք ունի՞ս, եթե չվճարես ոսկին, առանց կոշիկի կմնաս։ Կարո՞ղ ես բռնի կաբել տալ։ Ո՞ր մինը ասեմ, դերձակը ևս նույն երգն է երգում, մինչև անգամ ջրկիրը կրկնապատկել է դույլի ջրի գինը։

— Ճշմարիտ է այդ բոլորը, բայց ի՞նչ է պատճառը, որ բոլորը ևս միացել են և կրկնապատկել են յուրյանց ապրանքի գինը։

— Ների՛ր, պարո՛ն, հաստագլուխ ես եղած, որ մինչև այժմ չհասկցար։ Ապրանքը նոցա ապրանքը չէ՞...

— Հերիք է. լսիր։ Քո բոլոր ասածներից մի բան միայն ուղիղ է, այսինքն, դրամի զորություն չունենալը, իսկ պատճառը, որ կարծում ես