Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եվ ինչպես միջին դարերում, Ասիո անկյուններից խուռն բարբարոսներ իջան ու հեղեղեցին Եվրոպա, այնպես ևս մարդու և հացի խնդիրը լուծվելուց հետո, եվրոպական մարդը պիտի իջանե Ասիա։ Պիտի գա օր, երբ այն պառավ Ասիան պիտի մանկանա, և ասիական ազգերը այն վայրկենից պիտի սկսանին յուրյանց պատմությունը, եթե ընդունակ լինին իբրև ազգ ապրելու. իսկ եթե ոչ, օրըստօրե կանհետանան, որպես մի կաթիլ համատարած ծովի մեջ։ Ամերիկան, Ավստրալիան, այլ երկիրներ և կղզիք կենդանի վկայք են մեր խոսքին։ Ասիո ապագան ավելի մեծ է, ավելի լայն է տնտեսական խնդրի վերաբերությամբ, քան թե Եվրոպիո ապագան։ Հայերին մնում է վաղօրոք օգուտ քաղել յուրյանց գրութենից։

Կարող են, դարձյալ, դիմադրել, որ եթե մեր հայացքով, միայն մարդ ու հաց կա աշխարհի երեսին, եթե մեք մի կտոր հողի վերա քարոզում ենք հավասար իրավունք, ուրեմն, ազգության խնդիրը և ուշադրության արժանի բան չէ, մարդը, ապրել է հայի անունով, թե մի այլ անունով, դարձյալ միևնույն մարդն է, և այլն:

Այո՜, եթե հավասար իրավունքը այսօր խոստովանվի բոլոր երկրագունդի վերա, եթե ներկա եղած պետական համակարգությունքը այսօր ոչնչանան, վաղը ոչ միայն չէ մնում ազգության խնդիրը, այլ հարկավոր ևս չէ։ Բայց այս է բանը, որ դորան հասնելը ժամանակի է կարոտ. և մինչև այն ժամանակ «արքայութիւն Աստուծոյ բռնաբարի, և բռունք յափշտակեն զնա». մինչև այն ժամանակ, «սահմանք քաջաց, զէնք իւրեանց»— ասում է մեր իմաստուն Ծերունին:[1]

Մեք ուրախ չենք, որ այսպես է լինում, մեք ուրախ չենք, որ մի ազգ ճնշում է, հարստահարում է մյուս ազգը, և յուր զենքով սահման է գնում նորա հողի վերա, բայց որովհետև մեր տրտմությունը ոչինչ է համեմատելով այն մինչև այժմ եղած կարգի հետ, ուստի մեր կարողությունքը ուղղում ենք մեր ազգությունը պաշտպանելու համար։ Եվ մեր ամենիս պարտքն է մինչև այն ժամանակ մնալ ազգության դրոշի տակ, որքան ուրիշը կրում է յուր սեփական ազգության դրոշը։ Բայց, այս ասելով, կամք չունինք ազգությունը կույր ֆանատիկոսություն դարձնել։ Հերիք է, որչափ կույր և ֆանատիկական ազգությունը ունի յուր եսական կողմերը. հերի՛ք է, ասում ենք, որ մի ազգություն յուր մի շամփուր խորովածի համար մորթում է մյուս ազգության եզը...

  1. Տե՛ս Մ. Խորենացի, գիրք Ա, գլ. Ը: