Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այս ինչ հակառակախոս դրությունք են,— մտածում է մեր ընթերցողների միջից նեղսիրտ մարդը։— Երկու տող հառաջ ազգություն է քարոզում, հետո ազգության մեջ նշմարում է եսականություն և թուլացնում է առաջին տպավորությունը։

Մեր պարտքն է, ուրեմն, հառաջուց պարզել մեր հայացքը, և այս ծանրակշիռ խնդրի համար մի երկու քայլ խոտորիլ մեր ուղիղ ճանապարհից։ Այս պատճառով մեջտեղ դնում ենք խնդիրը — ի՛նչ է ազգությունը։

Ազգությունը իբրև պատմական իրողություն, իբրև հավաստի երեվույթ, ընդհանուր մարդկության կյանքի մեջ, չէ կարելի մերժել, թեև բանականությունը երբեք չէ կարող արդարացնել նորան։ Մարդը մինչև այժմ չէ հասել այնտեղ, որ առանց երկրորդական և պաշտոնական անունի հանդես գա, միայն մարդու բնական անունով. մինչև այժմ մարդը չկա աշխարհի երեսին, մինչև այժմ ազգեր կան։

— Խայտառակ դրություն,— շարունակում է մտածել մեր նեղսիրտը։— Ազգերը մարդերից չե՞ն բաղկանում․ և ինչպես կարելի է բաղկացյալ ընդունիլ, իսկ բաղկացնողքը մերժել և ուրանալ։

«Երբ մարդը, երևելով այս կամ այն ազգության մեջ, այլևս չէ կոչում ինքը յուրյան մարդու անունով, երբ նա անվանվում է անգլիացի, գերմանացի և այլն, և այլն, և ընդհանուր մարդկության շահը ոտքի տակ կոխելով, անքուն հսկում է միայն յուր ազգի շահի համար, երբ մարդիկ հասանում են մինչև այնտեղ, որ ոչ միայն մարդը չեն ճանաչում մարդու անունով, այլ շատ անգամ միլիոնավոր բազմությանց գոյությունքը ուրանում են, չնայելով որ այդ բազմությունքը ներկա են. երբ թթվածինը և ջրածինը միանալով, կորուսանում են յուրյանց տարրական հատկությունը և երևում են որպես ջուր, որի հատկությունը տարբեր է և՛ թթվածնի և՛ ջրածնի հատկութեններից, մեզ մնում է ընդունել այս երևույթը որպես իրողություն։

Մարդերի բազմությունը ազգ ճանաչելով, շատ անգամ ուրանում են նոցա սերունդի գոյությունը։ Փյունիկեցիք չկան, կամ այնինչ հին ազգը մեռավ։ Միթե այդ ազգերը բաղկացնող անհատները ամենեքի՞ն մեռան, ամենեքի՞ն կոտորվեցան, և բնա՞վ սերունդ չթողեցին, որ այսօր երևեր և կենդանի մարդերի միլիոնավոր բազմությունը մեռելոց կարգը չանցներ։ Ամաղեկացոց համար միայն վկայում է Սուրբ գիրքը, թե Եհովան կոտորել տվեց և չթողեց և ոչ մի ամաղեկացի, իսկ մյուս ազգերի համար խոսք չկա, ոչ սուրբ և ոչ անսուրբ գրքերում։ Դնենք, թե հին ազգերը մեռան և հաջորդք չթողեցին, բայց նոր ազգերը, որ հիների օրերում չկային, նո՞ր ստեղծվեցան, թե՞ գետնից բուսան։ Եթե մարդը կա, եթե