Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վամպիր ծծում է Լեհաստանի արյունը, փակում է նորա եկեղեցիքը, դպրոցները, և հրամայում է քար կամ փայտ դառնալ։

— Քաղաքակրթություն է տարածում։

Փոքր Ռուսիան, (15 միլիոն ժողովուրդ) յուր լեզվով, յուր պատմական ավանդությամբ, յուր կյանքի կերպերով և սովորությամբ, ոչինչ հարաբերություն չունի Մեծ Ռուսիային, և ոչ միայն այսչափ, այլև սաստիկ թշնամի է նորան, խնդրում է յուր անկախությունը, բայց Ռուսիո կառավարությունը շղթաներով կապում է նորան և ազատության մարգարեններին պատասխանում է բանտով, կնուտով և աքսորով։

- Քաղաքակրթություն է տարածում։

— Հափշտակել է և ստրկացրել է Ֆինլանդիան։

— Քաղաքակրթություն է տարածում։

Խաբկանոք ճանկել է Վրաստանը և Հայաստանի մի մասը և ճնշում է նորանց յուր ծանրության տակ։

— Քաղաքակրթություն է տարածում։[1]

— Եվրոպական տերությունքը անդադար օգնություն են տալիս Թուրքիային, որ նա դիմանա և չկործանվի։

— Որպեսզի Թուրքիո ստրկացած հայ, սլավոն և հույն ժողովուրդը քաղաքակրթիչ հոգաբարձվից չզրկվի։

— Կուրանով Ավետարանի որդի՞ք քաղաքակրթել։

— Այդ քաղաքակրթությանը ավելի փրկարար է։ Ավետարանից թերևս ազատության կարող է ծագել, իսկ Կուրանից և այդ երկյուղը չկա։

Սոքա ամենքը, իբրև բռնի վարժապետ, քաղաքակրթություն են տարածում, և ոչ ոք չէ հարցնում աշակերտի կամքը, կամի՞ արդյոք ուսանել թե ոչ։ Սակայն չէ պիտո աչքից հեռացնել նոցա քաղաքակրթության տարբերությունը մեր հասկացած քաղաքակրթութենից։ Բանտերը են նոցա դպրոցները, պոլիցականք և ժանդարմը՝ դաստիարակները, շղթան՝ հրահանգիչ գիրքը, աքսորը՝ բարոյականությունը վերին աստիճանի կազդուրելու մարզարան, կախաղանը և գլխապարտության խայտառակ սյունը՝ «դուռն ճշմարիտ որ տանի ի կեանս յաւիտենականս»...[2]

Կեցցե՛, կատուն, որ յուր փորի համար մուկ է բռնում։

Երբ ինքյանք կառավարությունքը տեսան այս, երբ նշմարեցին

  1. Նալբանդյանի այս արտահայտությունից չպետք է եզրկացնել, թե նա դեմ է եղել Հայաստանի միացմանը Ռուսաստանին։ Նալբանդյանը քննադատել է ցարական բռնապետությունը, որը ինչպես հայ, այնպես էլ ռուս և այլ ժողովուրդների թշնամին էր։ Նալբանդյանը ինքնակալական կարգերի նկատմամբ նույն վերաբերմունքն ուներ, ինչ որ ռուս Հեղափոխական-դեմոկրատներ Չերնիծկևին, Գերցենը և մյուսները։
  2. Մեջբերումը՝ Ավետարանից։