Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուրյանց փաստի ոչնչությունը, եվրոպական հավասարակշիռը հանեցին մեջտեղ։ Եվ այսօր ամեն կառավարություն յուր կշռով կշռում է այս հավասարությունը։ Մարդկությունը, այո՛, ավելի չէ, քան թե ոչխարը, որ սպանդապետի դանակին և կշեռքին է հանձնված։ Մինչև այսօր հարձակում և ամեն պաշտպանություն այս հավասարակշռի անունով հառաջացավ։

— Բայց կշռի արդարության քննի՞չը։

— Քեզ ի՞նչ փույթ։

Եվ այն օրից, երբ կառավարությունքը յուրյանց ընթացքը արդարացնելու համար և յուրյանց բռնած ճանապարհը ամբոխի աչքից ծածկելու խորամանկությամբ, գրեցին յուրյանց դրոշակի վերա հավասարակշիռը և իրավունքը, այն րոպեից, ասում ենք, ազգությունը դարձավ կառավարությանց հալածող ուրվականը։ Եթե հավասարակշիռ և իրավունք կա տերությանց մեջ, ուրեմն նույն կշիռը և նույն իրավունքը պիտի լինի տերությանց և նոցա ստրկացած ազգերի մեջ։ Դու կամենում ես քո հավասարակշիռը պահել, և այն, իրավունքի անունով, բայց ինձ, որ բնավին օտար եմ քեզ և ամենևին վերաբերություն չունիմ քո հետ, ի՛նչ պատճառով, հակառակ իմ կամքին, առնում ես և բռնությամբ դնում ես քո կշռի թաթի մեջ։ Ուրիշ տերությանց հետ խոսում ես իրավունքի անունով, իսկ իմ վերաբերությամբ ինչի՞ համար ոտքի տակ ես կոխում նորան և անիրավում ես չարաչար։

Այսօր, ճնշված մարդերի համար, ազգությունն է նոցա միակ դրոշը, որ կարող է բացվիլ բռնակալության ընդդեմ։ Ազգությունն է միակ հնարը դեմ դնելու նաև լուսավոր բռնակալության, եթե միայն բռնակալությունը կարող է լուսավորվիլ կամ լուսավորվելուց հետո հարատևել իբրև բռնակալություն,— կրկնում ենք, մեր դարու երևելի մտածողներից մինի հետ։

Գանք այժմ պարզելու մեր ունեցած հայացքը ազգության վերա, որպեսզի հակառակախոս չերևինք մեր նեղսիրտի առջև։

Վնասակար և անիրավ է այնպիսի ազգությունը, որ ամեն ուրիշ զոհում է յուր կյանքին․ ազգություն չէ այն, այլ կույր ֆանատիկոսություն, որ հիմք չունի և կիրքի բնավորությամբ երևում է մարդու մեջ։

Այդպիսի ազգությունը որչափ ևս կատաղի լինի, որչափ ևս մոլեգնի, ի վերա այսր ամենայնի ժամանակը կմաշե նորան, որովհետև մի կիրք կարող է տեղի տալ մյուս կիրքերի, որ հանգամանքը կարող են ծնուցանել։ Ազգությունը հարկավոր է և օգտակար այն ժամանակ, երբ նա չէ բորբոքվում իբրև մի րոպեական կայծ, իբրև պատահական և հանգամանքներից կախված մի բան, այլ, երբ որպես հետևանք հասան