Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետեվիլ, միմիայն այն պատճառով, որ անկատարը ժամանակով հառաջ է, քան թե կատարյալը։

Այս օրենքը չունի ոչինչ ամրություն, չունի հետևականություն։ Այս օրենքով, մի մարդ, որ կամեր պարապիլ որևիցե արվեստի, չպիտի ուղղակի գործե այն, ուր հասած էր արվեստի ներկա վիճակը, այլ, ինչ որ դարերով հառաջ։ Նոր գիր ուսանող մարդը թո՛ղ չհամարձակի ուրեմն թղթի վերա գրել, այլ թո՛ղ գրե ծառի տերևի կամ կեղևի վերա, հետո, անասնոց մորթի վերա, հետո չգիտեմ ինչի վերա, որ կարգը հասնի թղթին, ըստ որում նոր է սկսանում և հարկ է, որ հառաջ անկատարը ձեռք բերե։

Եթե մինչև այժմ մեր խոսածներից հասկացավ մեր նեղսիրտ ընթերցողը ազգության վերա մեր ունեցած գաղափարը, եթե համոզվեցավ կամ գոհացավ, մեք մեր շնորհակալությունը կանխիկ հայտնում ենք նորան։ Իսկ ընդհակառակը, եթե ավելի նեղսրտեցավ, չենք վհատում։ Մեք, ուրիշ անգամ, դարձյալ կխոսենք նորա հետ այս խնդիրների վերա և մեր ամեն ճիգը կթափենք ավելի մշակել և ավելի կերպարանագործել մեր գաղափարը։

Այժմ դառնում ենք դեպի այն կետը, որտեղից խոտորեցանք և դեպի այնտեղ հրավիրում ենք դարձյալ մեր ընթերցողների ուշադրությունը։

Որչափ շոշափելի և հասկանալի է տնտեսական խնդրի ճշմարտությունը, որ մեք, այս նեղ սահմանի մեջ, աշխատեցանք կերպարանագործել, ի վերա այսր ամենայնի, անհուսալի չէ, թե գտանվին մարդիկ, որ ասեն մեր համար. «Այս ի՛նչ Մովսես է, որ ճանապարհ է ցույց տալիս ազգին դեպի մի երկիր»։

— Մովսես չենք, և Մովսիսի խոստմունքը չենք խոստանում հայոց ազգին։ Մովսեսը իսրայելյան ազգին խոստանում էր մի երկիր, որ պիտի բղխեր կաթն և մեղր․ մեր քարոզությունը ավելի պարկեշտ է։ Մեք ցույց ենք տալիս մի երկիր, որ բուսուցանում է բամբակ, մետաքս, շաքար, ցորյան, բրինձ, սուսամ, տորոն և այլ ընդեղենք։ Մեք ցույց ենք տալիս մի երկիր, ուր ամենայն ընտանի գրաստ աճում է, ապրում է և բազմանում է, հետևաբար նոցա բերքը ևս, այսինքն բուրդը, մորթը, միսը, կաթը և այլն, որ նույնպես արժանի են ուշադրության և մշակության։ Մեք ցույց ենք տալիս մի երկիր, որի հանքերը մեծապես կարոտ են մշակության և որոնք, մինչև այսօր, մնացած են մարդկության համար «որպես աղբիւր փակեալ և դուռն կնքեալ, ընդ որ ոչ ոք էանց»։

Հողդհողդ Իսրայելը, մտքով Եգիպտոս դարձող Իսրայելը, միայն մի կույր հավատով կարող էր հետևել Մովսիսին, դեպի կաթն և մեղր բղխող երկիրը, ըստ որում անծանոթ էր նորան ավետյաց աշխարհը․ մեք