Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընթերցողներից և առհասարակ հայոց ազգից չենք պահանջում և այն կույր հավատը դեպի մեր քարոզությունը։ Երկիրը և բերքերը քաջ ծանոթ են նոցա, և անծանոթների համար պատրաստ են յուրյանց գոյությամբ վկայելու մեր ասածին։

Մեր քարոզության նպատակը և մեր աշխատության խորհուրդը այն է միայն, որ ազգը մտածե յուր ապագան և ազատե յուր անձը սարսափելի նեղութենից և աղքատութենից, որ եթե ոչ այսօր, վաղը պիտի թագավորե բոլոր Թուրքիո մեջ, չնայելով այն նոր պարտքին, որ առնում է նա Անգլիայից։ Այդ լիբրեները շատ կարճ ժամանակի մեջ կցնդին, մեջտեղում կմնա պարտքի մուրհակը և նորանից հետո գալու հոգեվարի ժամանակ, օսմանյան լիբրեն կբարձրանա մինչև 1000 ղուրուշ։

Մեր բարձրացուցած խնդիրը մի վերացական և անբնական փիլիսոփայություն չէ, որ ազգը նեղության հանդիպի հասկանալու համար։ Աշխարհիս երեսին մարդ չկա, որ յուր ապրուստի համար կարոտ չլինի նյութի և չհասկնա հացի խնդիրը․ և մեք խոսեցանք միայն այն խնդրի վերա, քանզի նորանով միայն կարող է պահպանել մարդը յուր նյութական գոյությունը։

Բայց այն փոքրիշատե կարողության տեր մարդը, որ ունի արդեն բավական ապրուստ, որ կազմել է յուրյան մի ճանապարհ, որով ապրել է և կապրի դեռևս, այդպիսի մարդը, բնականապես և ծանր նստած յուր տեզում, կես մի թթվեցնում է դեմքը, տհաճություն զգալով մեր խոսքերի մռայլոտ կերպարանքից, կես մի այլապես է մտածում, քան թե մտածում ենք մեք, քան թե աշխատեցանք մեք նորա առջև կերպարանել մեր միտքը։

Ի՛նչ է արդյոք նորա մտածությունը։ Ավելորդ հարցմունք է այս։ նա մտածում է, «թե ես վաճառականությամբ,սեղանավորությամբ, միջնորդությամբ կամ մի այլ ճանապարհով վաստկեցա այսչափ գումար. մեռնելուց հետո թողնում եմ իմ ընտանիքին նույնը, այլև մի քանի տուն և այլն և այլն, ուրեմն, ինչպես իմ կյանքը ապահով էր, նույնպես և իմ ժառանգները ապահովված են»։

Նորա մտածությունը ավելի չէ տարածվում, քան թե յուր անմիջական զավակները։ Մեք այդ փոքրիշատե կարողության տեր մարդուն ասում ենք.— Շատ լավ, դու ունիս բավական գումար, ունիս տուներ և այլն և նորանով կարծում ես թե քո ժառանգները ապահով են, իսկ մեք ասում ենք, որ այդ կարծեցյալ ապահովությունը անհիմն է։

— Ի՛նչպես,— հարցնում է նա մեզ։

— Այսօր դու ես քո բոլոր ստացվածքի տերը, որպես նաև քո բոլոր ընտանիքի տերը և այս պատճառով քո ունեցած կարողությունը