Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


II

Յոթը շաբաթը1 սկսվել էր։ Ցեխը կրկնապատկված էր անձրևի շարունակ գալուց, այդ փողոցի փայտաշեն և կեղտոտ տների տեսքը, առավել ևս տխուր դեմք էին ցույց տալիս, թրջվելով սևանալուց և օդի միգախառն անթափանցութենից։ Լուսավորչի զանգակատնից լսվեցավ երեկոյան զանգակահարության առաջին հարվածը, ուրեմն երեք ժամն էր ճաշից հետո։ Այս միջոցին, գլուխը կախած, անձրևից թրջված և բնության թթու դեմքից տխրած մի մարդ, միջահասակ, թուխ, սև աչքերով, սև մազերով, փաթաթված յուր կիսամաշ վերարկուի մեջ, գնում էր Թյությունճի-Օղլուի փողոցով։ Երևում էր, որ այս մարդը մի մտածմունք ուներ. պատճառ, շատ անցած, հեռացած լինելով Թյությունճի-Օղլուի փողոցից, երբ աչքը բարձրացնելով չորս կողմը նայեցավ, ետ դարձավ կրկին յուր գնացած ճանապարհից ու կամաց-կամաց մտավ Թյությունճի– Օղլուի բակը։

Թյությունճի-Օղլուն տանը չէր. նա այն օրը ճաշ ևս չէր կերած տանը. երևի թե զանազան պատճառներ ուշացրել էին նորան Խաչատուր աղայի ղահվետնումը, և հետո ճաշի ժամանակը կորուսանելով, լավ էր համարել մտանել Բարբոյի պանդոկը, և մի փոքր կաղամբով միս կերած, դառնալ ղահվետուն, ինչպես շատ անգամ պատահում էր։

Զարմանք բան է, որ Նախիջևանի նման քաղաքի մեջ, ուր եթե գիշերով մի տան վերա մի չղջիկ նստի, բոլոր քաղաքը կիմանա, այսպիսի քաղաքի մեջ, ասում եմ ես, ուր ամբողջ ընկերություններ կան, սորա նորա անցքը իմանալու, խոսելու և շատ անգամ պատգամախոսի պաշտոնը հոժար սրտով վերաները առած, գուշակելու մի մարդու ապագան, չէին իմանում թե ի՞նչ գործով է պարապում Թյությունճի-Օղլուն, կամ ի՞նչ աղբյուրից ստանում է նա արծաթ, յուր ընտանիքը կառավարելու համար։ Ոմանք ասում էին, թե հետը բերած արծաթ ուներ կամ գոհարեղենք, երբ եկել էր Նախիջևան, որպես թե կամաց-կամաց վաճառում է և նորանցից ստացած արծաթովը ապրում է. բայց նորա Նախիջևան գալը արդեն տասն և յոթն տարի էր. պատճառ, Մանուշակը մի տարեկան ծծի երեխա էր, երբ մի քանի հայ առաջին անգամ տեսել էին այս ընտանիքը Տագանրոգի մաքսատան մեջ, նարինջ գնելու գնացած լինելով այնտեղ ապրիլի մեջ։ Իսկ այս միջոցին Մանուշակի 18 տարեկան լինելը,

1. Վարագա Խաչի տոնից մինչև Հիսնակի բարեկենդանը, որովհետև միշտ յոթն շաբաթ ուտիք է, և երբեմն ութ, երբ չկան շաբաթապահք, նախիջևանցիք և զրիմեցիք անվանում են այս միջոցը «յոթը շաբաթ»։ (Ծ. Հ.)։