Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ Սոս և Վարդիթերը չէ հատցրել նորա պաշարը. մանավանդ, որ դեռ շատ բան մնում է, որին բնավ չէ դիպել հեղինակի գրիչը։

Ապարան բառի ստուգաբանությունը, այսինքն պ. Պռոշյանցի կարծելը (եր. 7) թե գուցե անպարան բառի կրճատվածը լինի, կապելով նորան այն սքանչելի կանթեղի հետ, մենք իսպառ մերժում ենք. նախ, որ անպարան խոսքը, այսինքն պարան միացած բացասական ան մասնիկի հետ մենք հին հեղինակությանց մեջ ոչ մի տեղ չենք տեսնում գործածած և այդ բոլորովին նոր բարդություն է. հայտնի է թե Ապարանը անպարանից դուրս գալու համար հարկավոր էր, որ այս վերջինը եղած լիներ դպրության մեջ, մինչդեռ Ապարան խոսքը (հատուկ առքով) երևում է գործածված։ Երկրորդ, Ապարանը, որպես այժմ նույնպես և առաջ ապահովության տեղ եղած լինելով, շատ հավանական է, թե ապարան հասարակ անունից չինի հատկացած։ Այլ թե ինչի՞ կարող էր մի իշխանի կամ թագավորի ապարանը այնտեղ եղած լինիլ։ Բայց մենք այստեղ բառերի ծագումը քննելու համար չդադարեցանք. եթե այդ մասին խոսելու լինինք, այսինքն ընդհանրապես այն անունների մասին, որ այսօր խորհրդավոր նշանակություն են ստացել Հայաստանի հողում, կարելի եղածի չափ հարմարվելով Աստվածաշնչի պատմությանցը, ապա մեր ասելիքը պիտի հիմնենք մեր հին հեղինակների գործերի և անողոքելի երկրաբանության վրա։ Բռնելով այս ճանապարհը, շատերը այդ անուններից կկորցնեն իրենց ներկա խորհուրդը, բայց մենք բնավ վերաբերություն չունինք այդ բաների հետ. մեզ մանավանդ քաշում է այն սքանչելի կանթեղը Արագածի և նորա մասին ուզում ենք մի երկու խոսք ասել։

Մեզ մինչև այժմ հանդիպած չէ խոսք կամ զրույց մեր կլասիկական դպրության մեջ. խոստովանում ենք, որ նաև որպիսի և իցե հիշատակարան անգամ չենք տեսել, որ խոսեր մեզ այդ կանթեղի մասին։ Մի մութ ավանդություն միայն, այս կամ այն տիրացվի, այս կամ այն քահանայի բերանացի պատմությունից մեզ հասած, է բոլորը, ինչ որ գիտենք այդ մասին։ Էջմիածնի պատկերները, որ հայոց ազգի մեջ շատ տեղ կան, պահում են իրենց վրա նաև Մասիսի և Արագածի երևակայալ պատկերները։ Այս խոսքը գործ դրինք այն պատճառով, որ ոչ Մասիսը նման է իր պատկերին և ոչ Արագածը։ Հայտնի է թե այդ պատկերների վրա Մասիսի գլխին միշտ նկարված է լինում մի անհեթեթ շինվածք. առանց դորան չէր լինիլ,– այդ Նոյյան տապանն է։ Արադածի գլխին նկարված է լինում օդի մեջ կախված մի կանթեղ։ Երբ որպես 7—8 տարեկան տղա հարցնում էի «վարպետիցս» այդ բանի նշանակությունը, նա դրականապես և ինքնաբավական կերպով պատասխանում էր ինձ, թե «երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը գնում էր այդ սարի գլուխը, գիշերային առանձնության մեջ Նարեկ քաղելու, այն ժամանակ հրամայում էր և իսկույն օդի մեջ երևում էր այդ կանթեղը և լույս տալիս, որով նա կարողանում էր գրերը ջոկել և կարդալ»։