Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չգիտեմ ինչ էր հանցանքս, միայն երբ հարցուցի, «Խալֆա՛, ո՞ւմ էր հրամայում». ճիպոտն եղավ պատասխանը, այնպես որ ցավիցը մղկտալով, վարպետիս էլ, կանթեղն էլ մտքումս միասին շուլալեցի։-Գուցե թե այլ տեղերում մի փոքր այլապես պահված լինի այս ավանդությունը, վեճ չունինք. մանավանդ մենք չենք կարդացել այդ մասին մի գրավոր հիշատակարան։ Ինչ որ վարպետիցս լսել էի, այն, վերևը գրեցի, ինչպես աստծու առջև, ամենայն հարազատությամբ։

Որ ազգի մեջ կամենա թող լինի, բայց և այնպես չկա աշխարհիս երեսին մի ավանդություն, որ առանց ամենայն պատճառի առաջանար։ Այո՛, այդ ավանդությունքը, որքան հեռանում են իրենց ծագման ժամանակից, այնքան շատ կերպարանափոխ են լինում, ընկնելով ժամանակների և հասկացողությանց ազդեցության տակ, մինչև այն աստիճան, որ շատ անգամ դժար է լինում հասկանալ կամ մեկնել, բայց և այնպես անհնար է թե նոցա հիմքը եղած չլինի կամ մի ստույգ պատահած իրողություն (թեև այլապես) կամ մի գաղափար, որի այլաբանությունը վերջի սերունդը ընդունում է պատկերաբար, առանց նոցա մեջ թաքնված ճշմարտության կամ փիլիսոփայության վերահասու լինելու։ Սոցա օրինակները խիստ շատ կան Ասիայում, ուր այլաբանական խոսվածքը և ձևը տիրապես սովորական էր, մանավանդ հին ժամանակներում, բայց ասիական այլաբանությունքը մի աննշան բաներ են համեմատելով հունական դյուցաբանության հետ։ «Բայց զի՞նչ արդեօք տարփանք քեզ, և Բիւրասպի Աժդահակայ փցուն և անճոռնի առասպելքն իցեն. և կամ է՞ր սակս զմեղ պարսից անյարմար և անոճ բանից, մանաւանգ թէ առաւել վասն ամբստանութեան առնես աշխատ,,, զի՞նչ քեզ աո այսոքիկ կարօտութիւն, առասպելք սուտք... Մի արդեօք յունական պերճ և ող՛րկ առասպե՞լքն իցեն, հանդերձ պատճառաւ, որք զճշմարտութիւն իրաց այլաբանաբար յինքեանս ունին թագուցեալ...» այսպես էր գրում մեր անզուգական Քերթողահայրը, Սահակ Բագրատունուն[1]:


Ավանդությանց մեջ, ամենից ավելի անհաստատը, փոփոխության և աղճատանքի ենթարկվողը է նոցա ժամանակը։ Շատ անգամ ավանդությունը գրեթե անարատ մնալով էապես, փոխվում է նորա ժամանակը.

  1. Մովս. Խորեն., Պատմ. Հայ.։