Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այսինքն մի անցք, կամ մի իրողություն, որ ստուգապես պատահած էր, դնենք, Թորոսի ժամանակ, այդ բանը համարվում է եղած կամ Մինասի ժամանակ, որ շատ առաջ էր ապրել Թորոսից կամ Նիկողոսի, որ Թորոսից շատ դարեր հետո էր ծնել։ Այդ ժամանակի առաջ ու հետ խաղալը կախվում է Թորոսի, Մինասի և Նիկողոսի ազգի մեջ ունեցած խորհրդից, արժանավորությունից ու հատկությունից։ Հայտնի է թե մի պատերազմ, մի քաջագործություն, մի հաղթություն չի վերագրվել մի սուրբի, որպես նաև մի հրաշագործություն մի երևելի զորավարի։ Եթե ազգը Թորոսի օրով տեսել է մի խորհրդավոր անցք, բայց Թորոսի վրա բնավ համարում չունի, ազգի հետագա զավակները այդ անցքը անպատճառ կխլեն Թորոսից և կվերագրեն մի մարդու, որ կամ առաջ է ապրել Թորոսից կամ վերջը, որի վրա ազգը մեծ համարում ունի քաղաքականապես կամ կրոնապես, նայելով անցքի բնավորության։ Ավանդությունքը, զրկվելով այսպես ժամանակագրական ճշտությունից, շատ անգամ այնքան շատ հավաքվում են մի մարդու վրա, որ այդ մարդը շատ դարերից հետո դառնում է մի պահարան, մի շտեմարան սքանչելի անցքերի և գործերի, իսկ մյուս բոլոր մարդիկը, այն մեկ նշանավոր մարդու օգտի համար, զրկվում են իրենց ստուգապես ունեցածից։ «Զի ամենայնի որ ունիցի տացի և յավելցի, և որ ոչն ունիցի, և զոր ունիցին բարձցի ի նմանէ»[1], ճիշտ այսպիսի դիպվածներում է կատարվում։


Հայոց ազգը, Արագածի վրա կրակ կամ լույս եթե չտեսներ, անհնար է, թե նա չեղած տեղից կանթեղ հնարեր և Լուսավորչին ուղարկեր այնտեղ Նարեկ քաղելու։ Մենք այդ լույսը կամ կրակը Արագածի վրա ընդունում ենք որպես իրողություն։ Բայց սակայն, դժար է այժմ դատել թե այդ լույսը կամ կրակը Լուսավորչից առա՞ջ էր տեսել ազգը, թե՞ հետո։ Լուսավորչի անունը այդ ավանդության հետ խառը տեսնելով չէ կարելի պնդել, թե ստուգապես չորրորդ դարումն է երևել այդ կրակը: Այո՛, կարող էր և այն ժամանակ երևիլ. մեր խոսքը այդ չէ, այլ այն, թե լոկ անունը չէ կարող ընդունվիլ որպես ապացուցություն Ժամանակի, ավանդությանց մեջ։


Այդ լույսը կամ կրակը ընդունելով որպես իրողություն, բնականաբար խնդիր է առաջ գալիս, թե ի՞նչ լույս կամ ի՞նչ կրակ եղած պիտի լինի։ Հարկ չկա ասել, որ բնական երևույթը առասպելով մեկնաբանել մեր գործը չէ. դորա փոխանակ առասպելյալ բնական երևույթը, իր մոգական քողերից ազատել և բնության լուսով հասկանալ և հասկացնել «ի մեծ շինութիւն ազգին», մենք սիրում ենք որպես ճշմարտություն։

  1. Մեջբերումը՝ Ավետարանից: