Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թարգելի սուր ծայրին, միշտ կարող է տեսնել սուրբ Հելմոսի կրակը։ Նույնպես և բարձր սարերի վրա կարող է երևել այս կրակը, որպես շատ ճառագայթների խուրձ, երբեմն բոլորշի և երբեմն լեզվաձև իր սուր ծայրով դեպի վեր, ինչպես ճրագի կամ կանթեղի լույսը, բայց մի ոտնաչափ կամ կես գազ երկայնությամբ: Նավերի կայմերի վրա, նույնպես հաճախ է պատահում այս. և եթե միայն մի լեզվաձև լույս է երևում, սնապաշտ նավաստիքը շատ բարկանում են, որովհետև նոքա հավատում են թե մրրիկ կլինի այնուհետև, իսկ թե երկու հատ, այդ դիպվածում նորան ասում են Կաստորը և Պոլլուկս, — նավաստիքը ուրախանում են, որովհետև աջող նավարկություն են բերում Կաստորը և Պոլլուկսը, հունական անտիկ յան առասպելի հերոսքը։ Շատ անգամ պատահում է, որ եկեղեցիների գլխի խաչերը լուսավորվում են այսպիսի էլեկտրական լուսով. շատ անգամ ագռավները թռչելով այն ամպի մոտից, որի էլեկտրականությունը մեղմաբար միանում էր երկրագունդի էլեկտրականության հետ, երևել են զարմացած և ապշած ամբոխին լուսեղեն կտուցով։ Նույն այս բնական երևույթը նկատված է շատ անգամ և ցած տեղերում, շատ անգամ ծառերի ճյուղերը լուսավորված են. շատ անգամ մարդիկ կարծել են, թե էրվում են կրակում, և սարսափել են իրենք իրենց տեսնելով «ի Հանդերձս լուսաւորս։»

«Կայծակի Ժամանակ, հունվարի 8-ին, 1839-ին, — ասում է հռչակավոր Արագոն, իր ուսումնական քննության մեջ՝ կայծակի մասին. (Notice Scientifique sur le Tonnere, Հ. XXX) - երբ կայծակը զարկեց Հասսելտյան եկեղեցու աշտարակին, Ցվոլլեյի և Հասսելտի միջոցում (Հոլլանդիո մեջ, առաջինն ամրոց է, այժմ գրեթե ավերակ, իսկ երկրորդը քաղաք) գտնված գեղացիք նկատեցին մի օտարոտի երևույթ։ Վերը հիշված կայծակի զարկելուց մի քանի ակնթարթ առաջ, նոքա տեսան, որ բոլոր նոցա հալավները (շորերը) կրակված են։ Այդ կրակը անցնելու (մարելու, հանգեցնելու) համար զսւր տեղը աշխատելու ժամանակ սարսափանքով նկատեցին, որ ծառերը և նավի կայմերը նույն բոցով էին փայլում։ Կայծակի զարկելն ու այդ սքանչելի կրակների անհայտանալը մի ակնթարթում կատարվեցավ»[1]։

Ո՞րքան ուրիշ այսպիսի դիպվածներ առաջ է բերում Արագոն, վերը հիշված հոյակապ աշխատության մեջ. ո՞րքան այսպիսիք հիշված են գերմանացի Յիմմերմանի ֆիզիկայի մեջ[2], մենք չենք ուզում ամենը

  1. Նալբանդյանը օգտագործել է ֆրանսիացի հայտնի ֆիզիկոս Ֆրանսուա Արագոյի (1786— 1858) «Гром и молния» աշխատությունը, որ ռուսերեն լեզվով լույս էր տեսել Պետերբուրգում, 1859 թվականին, Ինստինսկու թարգմանությամբ։
  2. Նալբանդյանը օգտագործել է Ցիմմերմանի «Обшие физические явления» աշխատությունը, որը 1861 թ. լույս է տեսել Պետերբուրգում։