Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե ամառը Աստուծով Մանուշակի հարսանիքը կկատարենք. բարով փեսաներս կգա սուրբ Կարապետից. բայց եթե դուք անպատճառ կամենում եք, ի՞նչ պիտո է առնել, խոսքը կտրիճինն է...

Պարոն Մկրտիչը չթողեց, որ ավարտեր Թյությունճի-Օղլու տիկինը յուր խոսքը. իսկույն բռնեց նորա մսի ավիշկով և յուղով տոգորված ձեռքը և ջերմ-ջերմ համբուրեց:

— Խորհուրդ մարդկան, կամք Աստուծո,— շարունակեց Թյությունճի-Օղլու տիկինը,– ես նորա հետ ևս կխոսեմ և կհայտնեմ ձեզ մեր վճռական համաձայնությունը կամ անհամաձայնությունը։

— Շատ բարի,— պատասխանեց պարոն Մկրտիչը,— միայն խնդրեմ այնպես առնեիք, որ այո՛ լիներ քան թե ո՛չ. պատճառ, ամենայն մարդ յուր հաշիվը ունի. ինձ այսպես հարմար է, պսակվիլ և հետո ուխտ գնալ։

- Ի՞նչ ասել է. իհարկե հաշիվը մեծ բան է, և այդ հաշիվն է, սի՛րելի որդի, որ մեզ կառում է և կապում է, որ դժվարանում եմ այս րոպեիս ձեզ խոսք տալ։

- Ուրեմն ես մի քանի օրից սպասեմ պատասխանու...

- Անպատճառ, ես կհոգամ և կաշխատեմ նորա ևս խոսք հասկացնել

— Մնաք բարյավ։

- Երթաք բարյա՛վ, ողջունեցե՛ք խնդրեմ Վարդ-Խաթուն տիկինը։

— Հատուկ շնորհակալ եմ։

Դեռևս պարոն Մկրտիչը բակի դուռը չէր բացած, մինչ կարմրած աչքերով նստել էր յուր տեղումը Մանուշակը պատուհանի տակ, երբ որ բակի դուռը բացվեց ու փակվեց, նա աչքերը ձգած պատուհանին մի արհամարհական ձևով նայում էր պարոն Մկրտչի գնացածին, որ առավել քան թե քայլելու, ճոճելու նման էր։ Թյությունճի-Օղլուի տիկինը իջանելով գետնատունը, որովհետև դեռ ճրագ չէին վառած այնտեղ, չկարողացավ նկատել, որ աղջիկը լացել էր, և ինքը ևս ամբոխված լինելով այս անակնկալ հարսանիք պահանջելուց, չկարողացավ ևս լսել, մինչև Մանուշակը առանց և մի խոսք ևս ասելու իսկույն վեր ելավ սանդուղքից, արձակելով սանդուղքի ծայրումը մի հեկեկանք, որ բռնությամբ դուրս թռավ նորա կուսական կուրծքից։

Ի՛նչ լալու բան կար այստեղ, մի՞թե տխուր բան էր 18 տարեկան աղջկա համար մի ոտք հառաջ ամուսնանալ. չէ՛, այդ չէր պատճառը. Մանուշակի սրտին այլ մարդ էր տիրած. նաև տեսանել չկամեր անգամ պարոն Մկրտիչը, որին պիտո է տային նորա ծնողքը։

Պարոն Մկրտիչը շատ հասարակ և անկիրթ մարդ էր, և