Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կին խոսել էր յուր կին առանց հարցանելու նորա կամքը, և Մանուշակի ծնողքը ևս, ի՞նչ մեղքս պահեմ — ուրիշ նախիջևանցի ծնողների նման, հարմարվելով յուրյանց զանազան հաշիվներին, խոստացել էին տալ Մանուշակը այս մարդուն, որ մի փոքր կարողության տեր վաճառական մարդ էր։

Մանուշակը սիրում էր... Նորա հոգու առաջև մի խելքի և հարստության, սերի և մարդավարության իրագործված գաղափար էր Շահումյանց Գեորգը. նա ամենայն օր մտածում էր նորա վերա և շատ անգամ երկու արտասուքի կաթիլներ գիծ քարշելով նորա թավիշյա երեսի վրայից, գլորվում էին նորա կարի վերա. նա երևակայում էր ամուսնության այն թշվառությունները, որ պիտո է հառաջանային միջումը սեր և հոժարություն չլինելուց։ Մկրտիչը սեր ասացյալ ինչ եղածը չգիտեր. պատճառ, դորա համար հարկավոր է քնքուշ սիրտ. նա պսակվում էր Մանուշակի հետ, տեսանելով, որ նա գեղեցիկ է, բայց առանց ամենևին մի հոգեկան ձգտողության, իսկ Մանուշակը ոչ թե միայն չէր սիրում, այլև արհամարհում էր նորան յուր մտքումը և ուխտ էր գրել, թե նորա ծնողը հարկադրելու լինեին, Դոնը ընկնիլ խեղդվիլ, քան թե այսպիսի մարդու կին դառնալ։

Նա շատ անգամ երեկոները յուր ննջարանի մեջ ծունկ չոքած Աստվածածնի պատկերի տակ, աղաչում էր նորան և խնդրում էր նորա պաշտպանությունը. նա ասում էր. «Տիրածի՛ն, ես չեմ կարող ընդդիմանալ ծնողքիս կամքին. այո, և օգուտ ևս չունիմ ընդդիմանալուց. զոհ պիտո է լինիմ այս քաղաքի բարբարոսական սովորությանը, եթե դու չփրկես ինձ»։ Այս էր նորա ամենօրյա աղոթքը, որ հետո մի փոքր լալով հանդարտեցնում էր հոգին, և այնպես տխուր զգացմունքներով գնում էր անկողին։

Ճշմարիտ է, հույս ուներ Շահումյանց Գեորգի — յուր սիրականի վերա, որ քանի անգամ գրել էր նորան անստորագիր նամակով, թե սա հոգս չառնե, թե նա ինքը գտանելու է մի այնպիսի հնար, որ կարող էր միավորել այս երկու սիրահարքը օրհնության պսակի կապով։ Բայց այդ դեեևս չոր հույս էր։

III

Այն, որ չգիտեր Մանուշակը, թե ի՞նչ էր մոր խոսակցությունը Աղվանյանց Մկրտչի հետ, չարչարում էր նորան, բայց մի բնական ազդեցությամբ հասկանալով, որ բանը յուր վերա է առավել և առավել զայրանում էր նորա սրտի ցավը։