Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միթե վրեժխնդրության հավասարությունը ավելի հզոր ներգործող է ընկերությունը ապահովելու համար։

Եսական ոգով վարակված ընկերության մեջ նույն ոգին հանցանք է գործում, նույն ոգին դարձյալ պատմում է հանցանքը։ Սորա արդյունքը որչափ որ ըստ երևույթին արդարություն և հավասարություն է, այնուամենայնիվ էականապես և դրականապես ընկերությանը վնասակար։

Սիրով ոգևորված ընկերությունը, սիրուց ստեղծվելով հնար չունի հանցանք հղանալ, հանցանք գործել, և նույն սերը դարձյալ ընդհանրական փոխազդեցությամբ եղած հանցանքն էլ ներում է, որով զարմանալի կերպով փոքրացնում է հանցանքների թիվը և կյանք է տարածում։

Ի՜նչ է այս քննությանց արդյունքը։

Մովսիսի կրոնից աղբերանում է մահ, իսկ քրիստոնեությունից կյանք։

Առաջինից փոխադարձ վրեժխնդրություն, իսկ երկրորդից փոխադարձ ներողություն, առաջինից ժառանգական և հավիտենական թշնամություն, իսկ երկրորդից մշտնջենական սեր և հաշտություն, առաջինից եսականություն և վայրենություն, իսկ երկրորդից անձնազոհություն և քաղաքակրթություն։

Եթե թերևս հավասարության անունով պիտի պաշտպանեն «ակն ընդ ական» վարդապետությունը, մենք թքում ենք այն հավասարության վրա, որ երևում է միայն թշվառության և մահի մեջ և հոժար ենք անհավասար լինել չարագործության մեջ, երջանկությամբ էականապես և դրականապես հավասար լինելով։ Այս մտածմունքը ազդեցին ինձ վերը գրված փիլիսոփայության վրա մտածությունքը։ Օգոստ. 12 1863։

Որևիցե փիլիսոփայի փիլիսոփայական համակարգությունը ուղղակի աղբերանում է այն ազդի կյանքից և պատմությունից, ինչ ազգի ինքը պատկանում է. այսպիսի դիպվածում փիլիսոփան կանգնած է յուր սեփական հողի վրա։ Ապա եթե նորա համակարգությունը բացի իր ազգի կյանքից ունի իր մեջ և օտար ազգի կյանքի ոգին, որ ընդունելով որպես նախագաղափար, հետևում է նորա ազդեցության տակ տրամադրել յուր ազգային կյանքից բխած փիլիսոփայությունը, ինչպես Հեգելը անում է միշտ, աչքի առջև ունենալով հունական իդեալը, այն Ժամանակ նորա փիլիսոփայական համակարգությանը իր ամբողջության մեջ երևեցնում է օտար տարրի խառնուրդ։ Եվ որչափ իրական լինի նորա համակարգությունը, այնուամենայնիվ մի մասնով պատկանում է վերացականության, որովհետև մի ոտքը գրած է լոկ գաղափարի վրա, որ չէ ապրում այլևս որպես կենդանի, այլ տեսնվում է և բռնվում է մտքով։