Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Որչափ սարսափելի սխալ է, երբ մարդիկ ընդհանրապես վազում են այս սիստեմից դեպի այն սիստեմը, « փիlիսոփա» դառնալու համար իր ազգի մեջ, որչափ կռիվ, խռովություն։ Մինը Քանթին է հետևում, մյուսը Ֆիխտեին, մյուսը Հեգելին և այլն, և այլն։ Խե՛ղճ, այդ բոլորը գերմանական փիլիսոփայությունք են. և քու ազգի կյանքից բխած չշինելով քու ազգի մեջ անգործադրելի, եթե գործադրությունը հասկանում ենք դրականապես, և իրավունք ունինք այսպես հասկանալու, որովհետև այդ համակարգությանց պաշտողքը, ընդունում են նորանց որպես դրական կետ. որպես α և ω։ Բացի սորանից, Քանթի փիլիսոփայությունը բխած էր Քանթի ժամանակակից կյանքից, այսպես և ուրիշներինը իրենց ժամանակակից կյանքից։ Միևնույն ազգի փիլիսոփայությունը, նույնիսկ իր համար չէ կարող ամեն ժամանակ ուղիղ լինել, որովհետև ժամանակն առաջ է վազում, հասկացողությանց գումարը կերպարանափոխ է լինում։ Է՜յ, դու, որ և ոչ բնավ գերմանացի ես, դու որ ապրում ես հարյուր տարի Քանթից հետո, քեզ ի՜նչ կարող են օգնել Քանթը կամ Հեգելը, եթե քո խուզարկությանը խորհուրդը քո ազգի վրա գործ դնել է նոցա համակարգությունքը։

Մնաց որ չէ կարելի ճշմարտությունը քննել և ճանաչել ինքնակայապես, քանի որ մարդու խուզարկունակությունքը հպատակված են այս կամ այն հեղինակության։ Իրավունք ուներ Դեկարտը մինչ գրում էր, թե «ես սկսելով քննել, առաջին գործս այն արի, որ թափեցի վրայիցս ինչ որ մինչև այժմ դիտեի»։ Այս շատ խոր ճշմարտություն է և գրեթե հավիտենական։ Որովհետև եթե թափածը դրական ճշմարտություն է, նա ինքնակա քննությամբ դարձյալ կգա դեպի նաև անհնարին է որ չգա, իսկ թե համեմատական էր, այն ժամանակ հայտնի է, թե թափելով նորան ավելի շահվեցավ, քան թե համեմատականը ընդունելով որպես դրական։

Ինչ որ ինձ է վերաբերվում, ես ոչ մի համակարգություն չեմ ընդունում և ամեն համակարդությանց ստրկաբար հետևողքը ծաղրից ավելի ուրիշ բան թող չսպասեն ինձանից։ Փիլիսոփայությունը պիտի բխի յուրաքանչյուր ազգի կյանքից. և այդ կյանքը յուր ամեն մի քայլափոխում, ամեն մի կերպարանքում (phasis) պիտի աղբերացնե նոր հայացք։ Առաջուց գրված համակարգությունքը կանգնում են, նա մեռած է այն րոպեից, երբ նորա վերջին միտքը ընկել էր թղթի վրա. կյանքը գնում է առաջ, գնում է և նորա փիլիսոփայությունը։ Բայց փիլիսոփայությունը միայն այդ անունով գրքերի մեջ տեսնող մադոց համար, որևիցե մի հասարակ ազգի մեջ ի՜նչ բան ունի փիլիսոփայությունը։ Կո՜ւյր զքեզ. նորա փիլիսոփայությունն էլ նորա կյանքիցն է բխում, ինչպես կյանքն է, այնպես է և նորա փիլիսոփայությունը. և քո սքանչելի