Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/587

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փիլիսոփայությունքը եթե կամենաս նորա վրա պատվաստել կդառնա նույն բանը, եթե մտածես մի տունի վրա այլ տան հիմք դնել։ Ուզո՞ւմ ես փիլիսոփա դառնալ քո ազգի համար (որովհետև կաթողիկե փիլիսոփա չկա և չէ կարող լինել, քանի որ ազգությունքը կան, քանի որ բնությունը այլ և այլ աշխարհներում ունի այլ և այլ կերպարանքներ և ազդեցությունք), ապա ուրեմն ուսիր քո ազգի կյանքը, նորա հասկացողությանը աղբյուրքը, նորա պետքերը։ Այդ կյանքի բարվոքելը է ամենամեծ և ճշգրիտ փիլիսոփայությունը։

Ստույգ է, կան ճշմարտությունք, որ համեմատաբար դրականք են, քննիր նոցա որակությունքը և եթե օգտակար և հարմար են քո ազգի կյանքին և պետքերին, ապա ուրեմն աշխատիր, որ այդ ճշմարտությունքը մտնեն նորա հասկացողության գումարի մեջ։ Աշխատիր իրականապես բարվոքել քո ազգի կյանքը և թող քո բոլոր իմաստությունը ուղղվի դեպի նորա կյանքը։ Սոփեստությունը, մեջեմեջ վերացական միգապատ և քաշկռտուք վարդապետությունը ընդունելը եթե քեզ համար փիլիսոփայություն է, բարով երթաս։ Մարդը իր կյանքը չէ տանում առաջուց նշանակված մի ճամփով. կյանքը հոսանուտ բան է և հազար տեսակ հարակցությանը, դիմադրությանը,— ավելցուր սրա վերա անհատական ձգտողությունքը (հայտնի է թե միջին թիվը),— հանդիպելով կես մի կորցնում է իր նախաշավիղը, կես մի այլ ընթացք է բռնում, կես մի կանգ է առնում, կես մի վազում է անհնարին արագությամբ։ Եղան ժամանակներ, որ մարդը հարյուր տարի ապրեցավ, բայց մի օրվա ճամփա չգնաց, բայց եղան ժամանակներ, երբ մի օրում մեկ դար քայլեց։ Պարոն, դու գիրքդ ամուր բռնե ձեռքդ, տեսնեմ քու փիլիսոփայական կատեգորիներից ինչ կառնուս։ Փիլիսոփայությունը նաև ազատություն քարոզած ժամանակ, եթե դրականապես դնում է իր վարդապետության ոճը և համակարգությունը որպես անմերժելի և անբողոքելի, արդեն թշնամի է ազատության, արդեն խորտակում է իր փիլիսոփայությունը։ Մարդկության կյանքի այս անչափելի հեղեղի մեջ դու որի՞ տունն ես հարցնում քո ծանր ու բարակ սահմաններով, սեռերով և չդիտեմ դեռ ինչ զահրումարով։

Մարդը տուն չունի, մարդը հաց չունի, մարդը հանդերձ չունի, բնությունը իր առնելիքները կպահանջե, խոհեմ և բնական ճամփան, մարդասեր հնարներ, թե կարող ես գտնել, որ մարդը տուն գտնե, հաց ունենա, մերկությունը ծածկե, բնության պարտքերը հատուցանե, ահա այդ ճամփան և հնարներն են փիլիսոփայության իսկությունը. այն մյուս մնացած փիլիսոփայությունքը, որ բնության հետ գործ չունին և բնության մեջ գործադրելի չեն, այս կամ այն կերպարանքով ծալիր ծոցդ