Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նմանեցնում է սպունգի։ Ոչ միայն մեղադրելի չէ նա այդ մասին, ոչ միայն պախարակելի չէ, այլ դարձյալ զարմանալու արժանի մարդ է, որովհետև նորանից առաջ ուղեղի համար քար էլ է ասող չէ եղած, պատրաստ դիտությունքը ժառանգել և նոցա լուսով անցածը, որ գործված է խավարում դատապարտել ոչ միայն իրավունք չէ, այլև անբարոյականություն։ Մեր խոսքը այն է, թե գիտությունքը, մարդու կյանքը, ժամանակը, այսինքն հասկացողությանը գումարը շարժուն և հոսանուտ բան լինելով, չէ կարելի փիլիսոփայությունը ավանդել մի անշարժ տումարի մեջ։

Կարդա՛ այդ փիլիսոփայությունքը, որպեսզի սորվիս փիլիսոփայության պատմությունը և կարողանաս զուգահեռագիծ քաշել անցածի և ներկայի մեջ, տեսնել և քննել թե ինչպես մարդկային գիտության շըրջանր ավելի տարածություն է ստանում աստիճան առ աստիճան։

Մասնավոր դրությունք, որ շատ մոտ են դրական ճշմարտության գաղափարին, արժեն, որ մարդը սորվի և տեսնե. նոքա սրում են և զվարթացնում են նորա հասկացող ունակությունը և կան այնպիսի առածներ, որ ուղղակի բնության արտափայլություն լինելով բյուրապատիկ ավելի ամրություն և հաստատություն ունին, քան թե ամբողջ շինծու համակարգությունք, որ օդի մեջ են ման գալիս, կամ ավելի վատ՝ ոչնչության մեջ, որովհետև օդը շոշափելի է զգայարանների համար։

Բայց պատրաստ վարդապետությունը սորվել և այնուհետև քիթը մինչև ի Կոկիսոն հայոց բարձրացնել, թե ես Քանթի, Ֆիխթեի, Դեկարտի, Բեկոնի, Հեգելի և այլն և այլն փիլիսոփայությունքն եմ սորվել, և պահանջել, որ հանդիպողը ծունր դնե իր առջև, պարզ ցույց է տալիս, որ այդ փիլիսոփա պարոնը ինքը ծնրադրությունից աչք չի բանում այս կամ այն վարդապետության առջև։

Անձնաճանաչություն, գիտակցություն, հաշվատու քննություն մարդկային թեր անցած և թե ներկա կյանքին, այլև բնության երևույթներին և նույնիսկ բնության, ահա՛ փիլիսոփայության աղբյուրը, որ բաց է ամեն մարդու առջև, միայն թե մարդը չծուլանա օգուտ քաղել։ Եվ եթե մարդը ընդունակ չէ այդ բոլորի թելերը իր մտքի մեջ որպես մի կենտրոնի մեջ ամփոփել, նորան միօրինակ անօգուտ են պատրաստ համակարգությունքը։

Մարդու էական արժանավորությունը է նորա մտքի անսահման ազատությունը, եթե այն էլ բռնաբարվեցավ այս կամ այն հեղինակությունից կամ համակարգությունից, էլ ի՞նչ համ կմնա մարդկային արժանավորության մեջ։ Հազար փիլիսոփայություն—մեկ ստակ։

Կարող են ասել, թե փիլիսոփաների ճիգը և նպատակն էլ այն է,