Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանուշակը Աղվանյանց Մկրտչի երկչոտութենով ներս մտանելուց հասկացել էր, որ նա մի խնդիր ունի. պատճառ, եթե այդպես չլիներ փեսացուն, փոքր ինչ ազատ կմտաներ յուր հարսի տուն, մանավանդ Աղվանյանց Մկրտչի նման մարդը, որ քիչ շատ վաճառական անունը վերան էր և Ղրիմ գնալ-գալ ուներ։ Այս հիման վերա Մանուշակը եզրակացնում էր, որ յուր փեսայացուն խնդրում էր շուտով ամուսնություն։

Ի՛նչ ատելի և արհամարհելի մտածություն էր այս խեղճ Մանուշակի համար, և ո՞վի համար ատելի չէր լինելու, եթե մեզանից մինին ընդդեմ մեր կամքին և հոժարությանը կապելու լինեին մահով միայն վերջանալու կապով մի այնպիսի մարդու հետ, որի երեսը չկամեինք տեսանել։

Մանուշակը մտածեց վճռական հնարք գործ դնել այս անհավասար ամուսնութենից ազատվելու համար։ Նա, մինչ տանը ոչ ոք չկար, ինչպես ասացինք, ոչ հայրը և ոչ մայրը, հանեց սեղանի արկղից բարակ և կապտագույն թուղթ, առեց գրիչը և գրում էր։ Երկու անգամ հարկադրվեցավ խեղճ Մանուշակը թուղթ փոխել. պատճառ, արտասուքը աչքերից և քթից թափվելով նամակի վերա, ապականեցին նորան։

Վերջապես հաջողեցավ նորան ավարտել յուր նամակը։ Ավարտելուց հետո մի անմեղ ժպիտ փայլեցավ նորա փոքրիկ բերանի վերա, և մաքուր սպիտակ մարգարիտները կիսով չափ երևեցան բերանի միջից. նա համբուրում էր նամակը, փայփայում էր նորան, մի խոսքով, այնպես էր վարվում այն անշունչ նամակի հետ, ինչպես մի մարդ յուր շատ սիրելի բարեկամի հետ։ Նամակը գրելուց հետո վազեց ննջարանը, որ զմուռ և կնիք բերե կնքելու համար։

Բայց մինչդեռ նա չէ կատարել այս գործը, մեք նորանից ծածուկ կարդանք նորա նամակը և տեղեկանանք կուսական գաղտնիքին։

Ազնվասիրտ և մեծահոգի Գ...

Սրտիս հրամայող.

Այսօր այն պարոնը մեր տուն գալով, ինչ ժամանակ տանը ոչ ոք չկար, վրդովեց իմ սրտի ուրախությունը. նորա անհամարձակ և ստորաքարշ ներս մտանելը զորացուց իմ ատելությունը և արհամարհանքը դեպի նա. իհարկե հասկանում ես, թե ովի՛ մասին խոսում եմ, չկամիմ և նորա անունը գրել, և երանելի կլինեի, եթե հարկադրված չլինեի նորա մասին ևս գրել. բայց ես շատ թշվառ եմ, ձուկի նման մունջ. ձայն չունիմ, որ ասեմ ծնողքիս, թե ես չեմ կարող կին դառնալ այդպիսի մարդու, որի մտածությունքը, ապրելու կերպը, պարապմունքը և այլ անհամար