Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սենեկայի, իսկ Վոլթեռը՝ ճիզվիթների։ Իհարկե, ով որ չէ ուսել թե ի՛նչ է և ո՛վ է Վոլթեռր և միայն անունն է լսել և ճանաչում է նորան որպես արդյունք ճիզվիթական դպրոցին, այնպիսին պիտի մտածե, թե XVIII դարու փիլիսոփայությունը աղբերանում էր ճիզվիթներից: Բայց ով որ ճանաչում է XVIII դարում ներգործող փիլիսոփաներին ավելի մոտից, նա տեսնում է, որ նոցա բոլորի փիլիսոփայությունը փոխառնված է Անգլիուց, որովհետև երեք քառորդը այնտեղ մնացին տարիներով և մոտից սորվեցան ազատությունը և համեմատելով նորան իրենց հայրենիքի ստրկության հետ, հղացան այն մեծ կրակի կայծը, որի բոցը պիտի այրեր և լափեր ինչ բանի որ պատահեր, թե լավ և թե վատ։

Ֆրանսիական հեղափոխությունը անգլիական փիլիսոփայության արդյունք է. ճիզվիթները կամ ցամաքահողի բնակիչները ընդունակ չէին այդ բանին։ Ստույգ է, մինչև այն մեծ հեղափոխությունը իսկապես Ֆրանսիո աչքը տնկված էր Անգլիո վրա, բայց հեղափոխությունից հետո այդ երկու աշխարհների պաշտոնքը փոխվեցան և հեղափոխությունը իր կարգով ազդեցություն ունեցավ Անգլիո ավելի առաջադիմության վրա։ Բայց թե ազատությունը մի վսեմական ավանդ է, ապա այդ ավանդը պահեց տորերի հորձանքի երեսից Անգլիան։ Մի փոքր ժամանակ անցավ այդ ավանդը Ֆրանսիո ձեռք, բայց նա չկարողացավ պաշտել նորան նպատակի հարմար ձևով։ Վերստին կործանվեցավ այնտեղ ազատության աթոռը և նորա ավերակների վրա Բոնապարտը մերկեց իր երկաթը։ Ազատությունը դարձյալ ապաստանեցով դեպի այն կղզին, որ միայն մի նեղ ջրանցքով բաժանվում էր Ֆրանսիուց և այն օրից մինչև այսօր, մինչդեռ ցամաքահողը ազատություն գտնելով և կորցնելով հոգին բերանը եկավ, Անգլիան, իր այն թերի համարված, և իրավամբ մի քանի պակասությունք ունեցող սահմանադրությամբ, ավելի և ավելի հաստցուց ազատության ծառի բունը և այն՝ բոլորովին բնական, խաղաղ և հանդարտ աճելությամբ, որին հազիվ թե տրամադրություն ունի ուրիշ ամեն մարդ, որ ծնած չէր Բրիտանական կղզիների վրա։

Մի քանի թերությունք, և վնասակար դրությունք, ինչպես և անդրանկական համակարգությունը, այո՛, մեր աչքում շատ ստգտանելի է, բայց հարցնենք անգլիացուց, և տեսնենք թե այդ համակարգությունը այսքան դարերով տևում է սահմանադրության մեռա՞ծ տառի ուժով, թե՞ թազի հարստահարելով։ Ոչ առաջինը և ոչ երկրորդը. այդ բխում է բուն անգլիական կյանքից, և նորա համար բնական երգը այդ է միայն։ Ի՛նչ անե այստեղ վիգը կամ տորին, ինչ անե երեսփոխանական ժողովը կամ թագը։ Հայտնի է, թե քանի որ այդ օրենքը բխում է ազգի հոգուց և հասկացողությունից, ամեն նորմուծություն նորա ընդդեմ պիտի ծանրանա