Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգի վրա որպես հարստահարություն և ազատ իրավունքի բռնաբարություն։ Եվ ո՛վ կարող է գործ դնել այղ հնարը։ Եվ այն, որ անգլիացու աչքում բնական է և բաների կարգում, ի՞նչպես կարող է ենթարկվել սրբագրության։ Սորանից երևում է դարձյալ, որ անգլիական սահմանագրությունքը բխում են ազգի հոգուց, և դուրսից գրված չլինելով, կարողանում են այնպիսի անխախտելի շարունակությամբ և հետևականությամբ ներգործել և արդյունավորել մարդկային կարելի և հնարավոր բարեկեցությունը, որոշյալ հասկացողությանը շրջանի մեջ։

Տարակույս չկա որ կգա օր, երբ այդ անդրանկական համակարգությունը կընկնի և դորանով հողը դուրս կգա կապանքի տակից, բայց և այն ժամանակ արդյոք բոլորովին կատարյա՞լ կլինի նոր կարգը։ Ֆրանսիան, որի հողը կտրտված է մինչև մանրացուցական բաժիններ, ուրիշ կերպով նույնպես չէ՞ զգում այդ համակարգության ծանրությունը։ Մնում է մեջտեղը որպես միակ բարերար ելք հասարակական սկզբունքը ( общинное начало), որ կա Ռուսիո մեջ[1] Բայց ո՛վ գիտե թե երբ կարող են զարթել Անգլիո և Ֆրանսիո գրակխոսները։ Իսկ մինչև այն ժամանակ, ստույգ է, որ անդրանկական համակարգությունը պիտի ծանրանա հասարակ ժողովրդի վրա մանավանդ, քան թե միջակ դասակարգին։

Միջակ դասակարգը պարապելով ձեռագործությամբ և վաճառականությամբ, անմիջական հարաբերություն չունի հողի հետ։ Նորա օգուտը և վնասը, նորա հույսերը և ահը,— այդ բոլորը կապված է վաճառանոցի (bourse) հետ. և քանի որ Անգլիո կառավարությունը ներգործելով արդեն ընդունված սկզբունքների վրա առաջ վարե իր ընթացքը թե ներքին և թե արտաքին գործերի մեջ, վաճառականությունը և ձեռագործությունը ապահո՛վ են, ուստի և միջին դասակարգը ժողովրդի միշտ պաշտպան այդ սկզբունքներին։ Սորանից պարզ է, թե անդրանկական համակարգությունը լոկ ազնվական և ստորին դասակարգերի վրա է ներգործում։ Աոաջինը չի կարնալ իր անշարժ սեփականությունը բաժին-բաժին անել, այլ պարտական է թողուլ անդրանիկ ժառանգին,

  1. 1 Բանտում ամենայն հավանականությամբ Նալբանդյանի տրամադրության տակ եղել են «Современник»-ի այն համարները, որոնք պարունակում էին Ն. Գ. Չերնիշևսկու հայտնի հոդվածները, որտեղ ռուս մեծ մտածողը զարգացնում էր իր տեսակետները հասարակական սկզբունքի (общинное начало), այսինքն՝ ռուսական համայնքի մասին, որպես ապագա սոցիալիստական հասարակարգի հնարավոր սաղմի։ Նրա տրամադրության տակ եղել է մասնավորապես «Современник»-ի այն համարը (1858 թ․), որտեղ տպադրված էր ն. Գ. Չերնիշևսկու «Համայնական հողատիրության հակառակ փիլիսոփայության նախապաշարումների քննադատությունը» նշանավոր հոդվածը, որից Նալբանդյանը կատարել է մեջբերումներ, առանց հեղինակի անունը հիշատակելու։