Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մանուշակը դուրս նայեց պատուհանից և տեսավ մի աղքատ պառավ կին։

— Ողորմությո՜ւն արա, զավա՜կս, ողորմությո՜ւն,— կրկնեց պառավը,— Աստված բարի դուռ բանա քեզ։

Մանուշակը նշանացի արեց աղքատին, որ կանգնի ու չգնա, իսկ ինքը վազեց խոհարանը, կտրեց մի պատառ հաց և բերեց, բայց անձրևից դիճացած և ուռած պատուհանը չբացվեց ամենևին, Մանուշակի քնքուշ ձեռքերը ցավեցին զարկելով։ Նա իսկույն վազեց բակը և կանչեց աղքատին բակի մեջ, աղքատը քթի տակից օրհնության խոսքեր ասելով, մտավ բակը։

— Ահա՜ քեզ ողորմություն,— ասաց Մանուշակը,— և եթե իմանայի, որ դու հավատարիմ պառավ ես, այսինքն, խաբեբայություն չես առնում, ես քեզ ավելի կտայի, և ոչ միայն ես, այլև ցույց կտայի քեզ մի տուն, ուր միշտ կարող էիր մտանել ողորմություն ստանալու համար։

— Մարիկս,— պատասխանեց աղքատը,— Աստված օրդ երկայն առնե․․. Բայց ես խաբեբա չեմ, և Աստված վկա է, որ խաբեբա չեմ։

— Երդում պետք չէ,— ասաց Մանուշակը,— ա՜ռ այս տասն կոպեկը քեզ վարձ, տեսանո՞ւմ ես այս նամակը,— շարունակեց նա, հանելով գոգնոցի գրպանից,– եղբայրս բերել է սորան Մոսկվայից... ճանաչո՞ւմ ես եղբորս...

— Չէ՜,— ասաց պառավը,— և քեզ ևս չեմ ճանաչում, միայն գիտեմ, որ բարի աղջիկ պիտո է լինիս․ Աստուծո օրհնությունը անպակաս լինի վերայիցդ։

— Այս նամակը տար Աստվածածնի թաղը, գիտե՞ս։

— Գիտեմ,— պատասխանեց պառավը,— ամենայն չորեքշաբաթ օր ես դնում եմ Աստվածածնի դուռը։

— Այն թաղի մեջ հարցրո՜ւ պարոն Շահումյանց Գեորգի տունը, բայց նամակը ցույց մի՜ տուր ոչ ոքի․ պատճառ, ամենայն տղա գիտե պարոն Շահումյանցի առատությունը, այս պատճառով կցանկանա, որ ինքը հասուցանե, դու պառավ կին ես և անզոր, կխլեն նամակը ձեռքիցդ և ինքյանք կտանեն, իսկ դու, քո անզգուշութենովը կզրկվիս ժամուցիցդ որ առատությամբ կտա քեզ պարոն Շահումյանցը։

— Ոչ ոքի չեմ ցույց տալ գիրը,— ասաց պառավը,— ես միայն տունը կհարցնեմ, միամիտ կացի՜ր, մարիկս, մեք եթե մեր վնասօգուտի բան լինի, խելք ունինք, թեև մարդիկ մեզ անխելք են կարծում.

  • «Բարի դուռ բանա» նշանակում է մի լավ մարդու կին դառնաս։