Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համարյա թե բարկացած,— դու ի՞նչ ասացիր,— հավելացրեց նա։

— Ես ասացի, որ առանց քո հետ խոսելու չեմ կարող կտրական բան ասել։

— Շատ լավ ես ասել. եթե մյուս անգամ գա, ասա՜ նորան, որ ամառից հառաջ չենք կարող, և արդարև չենք կարող, արծաթ չկա. ես ստանալիքներ ունիմ, որոց ժամանակը հուլիսին է, դու այս մասին բան մի՜ ասա, միայն թե ժամանակ չունինք այժմ, թո՜ղ փոքր ինչ համրերն, երբևիցե Մանուշակս նորանն է։

Այս խոսքերի վերա Մանուշակի կուրծքիցը դուրս թռավ մի խոր հառաչանք, որ ծնողքը չնկատեցին, խորացած լինելով յուրյանց առարկայի մեջ, որի մասին խոսում էին։

Այս միջոցին աղախինը ներս բերեց թեյի մեքենան. Մանուշակը վեր կացավ տեղից թեյ պատրաստելու համար։

Հազիվ թե անցել էր քառորդ րոպե, պարոն Շահումյանցը ներս մտավ։ Թյությունճի֊Օղլուն տեսածովը իսկույն հառաջ գնաց, «հրամայեցե՜ք, հրամայեցե՜ք, պարոն Շահումյանց»։

Շահումյանցը առանց խոսքի, միայն գլխի շարժելովը շնորհակալ լինելով Թյաթյունճի-Օղլուցը, աչքը մին ձգեց Մանուշակի վերա, որ հանդիպելով նորա հայեացքին իմաց տա, թե ամբողջ ստացած էր նորա նամակը. այնպես ևս պատահեցավ, թեև Մանուշակը տարակույս չուներ նորա ստանալու վերա, պատճառ, հայրը պատմել էր աղքատ պառավի անցքը, բայց Շահումյանցը չգիտեր Մանուշակի գիտենալը և այս համրախոսությունը այնպես շուտով կատարվեց, որ ոչ ոք ոչինչ չհասկացավ, պատճառ, Շահումյանցը համարյա թե ներս մտածովը ողջունեց և տիկին Թյությունճի-Օղլուն և Մանուշակը:

— Ի՞նչպես է ձեր առողջությունը,– հարցրեց Շահումյանցը տիկին Թյությունճի-Օղլոլից։

— Փառք Աստուծո։

— Շատ ուրախ եմ։

— Այդ դատարկ բաներ են,— կտրեց խոսքը Թյությունճի-Օղլուն,— թող նոքա յուրյանը թեյովը պարապին, մեք մեր բաներիցը խոսենք և ժամանակը չկորուսանենք զուր տեղը։

— Թող այդպես լինի,— պատասխանեց Շահումյանցը։

Մանուշակը ժպտեցավ քթի տակից, չգիտեմ հոր քաղաքավարության վերա, թե Շահումյանցի հանձնառության վերա, բայց առավել հավանական է վերջինիս, պատճառ, Մանուշակը մահացու մեղք էր համարում ծիծաղել ծնողքի վերա, թեև որչափ ես պակասությունը ունենային։