Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թյությունճի֊Օղլուն, նկատելով Մանուշակի տկարությունը, իսկույն կամեցավ բժիշկ կանչել։ Կինը, որ առհասարակ չէր հավատում րժշկի տված դեղերին, որովհետև նա այն կնիկ մարդերից էր, որ աղոթելով կամ այլ ճարերով հավատում էին ամենայն ցավի բժշկություն, այսուամենայնիվ Մանուշակի համար, զոհ էր բերում յուր արմատացած նախապաշարմունքը։ Բայց ինքը, Մանուշակը ամենևին չէր կամենում բժշկի գալը և աշխատում էր հավատացնել յուր ծնողքը, թե հիվանդ չէր ինքը։

Թյությունճի-Օղլուն այնպես սիրում էր յուր դուստրը, այնպես սուրբ էր նորա համար Մանուշակի խոսքը, որ թեև աչքով տեսանում էր նորա թուլությունը, այնուամենայնիվ մեղք էր համարում հակառակվիլ Մանուշակի խոսքին։ Եվ այս պատճառով ևս բժիշկ կանչելը թողուցին, ուրեմն և Մանուշակը մնաց յուր տկարության մեջ առանց բժշկվելու։

Մի շաբաթ հետո այս անցքից, որ միջոցին ոչինչ արժանի ուշադրության բան չպատահեց այս գերդաստանի մեջ, բացի ամենօրյա միօրինակությունից, վերջապես, Թյությունճի֊Օղլուն վճռական կերպով հայտնեց յուր կնոջը և Մանուշակին, թե նույն օրը ահա բժիշկ էր կանչելու։ Մանուշակը դարձյալ աղաչում էր ետ դնել այս հոգաբարձությունը։ Նա ասում էր, թե հիվանդ չէ ինքը,և թե չէր ընդունելու բժշկի տված դեղերը, երևի Մանուշակը մտածում էր, թե յուր տկարության պատճառը հոգեկան ցնցմունք լինելով, և այս թուլությունը հառաջացած այդ հոգեկան ուժաթափութենից, օգուտ ստանալու չէր բժշկի նյութական դեղերից։

Տիկին Թյությունճի-Օղլուն, հաջող ժամանակ համարելով յուր նանրահավատությունքը հանդես բերելու, համաձայնեցավ Մանուշակի կարծիքին և ասաց յուր ամուսնուն, որ մի երկու օր ևս սպասե, մինչև որ ինքը գործ դնե Մանուշակի վերա յուր առողջացուցիչ հնարքը, և եթե չառողջանա Մանուշակը, այն ժամանակ բժիշկ կանչեն։

Այս վերջին խոսքերը դուրս չէին գալիս տիկին Թյությունճի֊Օզլուի սրտի վկայութենից․ նա հաստատապես հավատում էր, թե դյութական սնոտի արարողությունքը հազար անգամ ստույգ ներգործողք էին, քան թե բժշկի դեղերը, բայց յուր ամուսնու բարկությունը չշարժելու, և նորա թույլտվությունը ստանալու համար, հավելացրեց այն վերջին խոսքերը, որպես թե չէր հերքում բժշկի օգտակարությունը, այլ առավել ստույգ համարելով պահում էր նորան, գործ դնել նեղության մեջ, եթե Աստված մի՛ արասցե, Մանուշակը առողջանալու չլիներ յուր մոր դեղերով։

Մանուշակը թեև լավ գիտեր յուր մոր ճարերի չնչին և հիմարական բաներ լինելը, բայց շուտով հոժարեցավ մոր կարծիքին, որովհետև ոչինչ դեղ և ոչինչ բան մտանելու չէին նորա կազմվածքի մեջ, այլ միմիայն կատարվելու էին մի քանի վհկական արարողությունք, որ օգուտ կամ