Էջ:Mshak, 1873, issue 3.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամէդէի կառաւարութեան կողմից, Կուբայի վերաբերութեամբ, այլ ևս անտանելի է դառնում Ամերիկայի հասարակական կարծիքի համար։ Սկզբումը ինչպէս Միացեալ նահանգների, նոյնպէս էլ Եւրօպայի օրագրութիւնը, այդ ծանուցագրի պարունակութեան մասին ասում էին, որ աւելի խիստ և պահանջողական ոգով է գրած։ Շատերը, մինչև անգամ գալիս էին այն եզրակացութեան, թէ մի գուցէ, Սպանիայի կառավարութիւնը վիրաւորուելով պ․ Ֆիշի ծանուցագրից, բոլորովին վճռողական կերպիւ բացասէ Ամերիկացոց միջամտութիւնը և դորանով յանձնէ իրան թշնամական յարաբերութիւնների ամենավտանգաւոր հետևանքներին։ Արդէն յունվարի 2-ից „Times“ լրագիրը, բաւականին հաւանական կերպիւ յայտնեց, թէ պ․ Ֆիշի Սպանիացոց կառավարութեան ուղղած ծանուցագիրը ամեն և ին վիրաւորական ձև չունի․ և թէ, ընդհակառակը, շատ քաղաքավարի պարունակություն ունի։ Մեր կարծիքով, որքան էլ „Times“ լրագրի հաղորդած լուրը ուղիղ լինէր, այնու ամենայնիւ, Ցօրիլի նախարարութիւնը հարկադրվեցաւ վերջին ժամանակներում Կօրգեզի ժողովի մէջ յայտնել, որ―Սպանիական կառավարութիւնը համաձայնում է վերջացնել ստրկութիւնը Կուբայ կղզու մէջ, ոչ թէ Միացեալ նահանգաց ստիպմունքից և սպառնալիքից, այլ այն համոզմունքից․ որ այդ բանը անպատճառ հարկաւոր է անել․․․

Որքան էլ որ ճշմարիտ լինի Ցօրիլաի ասածը․ որքան էլ որ հաւատանք որ նա իբրև արմատական կուսակցութեան ներկայացուցիչ, յիրաւի չէր կարող համակրի ստրկութեան շարունակվելու նախագծին, այնու ամենայնիւ, սա մի իրողութիւն է, որ այդ հարցը դեռ ևս երկար ժամանակ չէր վճռվի, եթէ Ամերիկայոց զօրեղ միջամտութիւնը չը լինէր․․․ Դեռ մի քանի շաբաթ առաջ Ցօրիլան յետաձգում էր ստրուկների ազատութիւնը, իսկ հիմի յանկարծ, աշխատում է շուտով իրագործել։ Այս բոլորը չի նշանակի, թէ յիշեալ Ամերիկացոց ծանուցագրի պատճառաւ, Սպանիան կատարեց իւր գլխին հայկական այն առածը թէ՝ "կակղնաս կուտես․․․․․․


ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

ԺԹ․ ՆԱՄԱԿ

Պ․ Րաֆֆիի ուղևորութիւնից

Հոկտեմբեր ամիսը հասնում էր իւր վախճանին։ Օրերը անցնում էին խոնաւ և անձրևաբեր։ Ցուրտը գնալով դառնում էր զգալի, երբ ես թողեցի Ուրմի քաղաքը։

Չը նայելով եղանակի անախորժ ազդեցութեանը, ես մի բանով միայն գոհ էի ցրտից, որ ազատուեցայ մօծակների թունաւոր խայթոցէն, որք, չալթիկների (բրնձի դաշտի) հոտած ջրերի որդունքներէն գոյանալով, անհանգիստ էին անում իմ քունը։ Ես սովորեցայ բնիկներից նոցա խայթոցէն ազատուելու համար քնել ամէն կողմից փակուած փոքրիկ վրանիկի մէջ, որին տեղացիք կոչում են միլչաքդան։ Բացի նորանից որ բրնձի դաշտերը գոյացնում են այդ անհրաւէր հիւրերին, նոքա, ճահիճների նման բռնելը ամբողջ նահանգի մեծ մասը, իւրեանց հոտած ջրերի արտաշնչութեամբ, ամարնային եղանակներում տաքցոցը և տենդը անում են մի անհրաժեշտ երևոյթ բնակիչների մէջ։

Ես դուրս եկայ քաղաքից երեկոյեան պահուն, և ստիպուած էի մնալ մի թիւրքաբնակ գիւղում։ Ճանապարհին սաստիկ թրջուեցայ անձրևից, և խնդրեցի ինձ տանող չարվադարին գտանել մի տաք իջևան գիշերելու։ Նա մօտեցաւ մի տան և սկսաւ զարկել դուռը։

Դուրս եկաւ տանուտէրը։

—Ինչ ազգից է պարոնը, հարցրաւ նա իմ մասին։

—Հայ է, պատասխանեց չարվադարը։

Լսելով այդ անունը, մի անախորժ զգացմունք արտայայտուեցաւ տանուտիրոջ խօժոռ դէմքի վերայ, որ պարզ երևաց իւր ձեռքում բռնած ճրագի լուսով։

Եւ նա ցոյց տուեց մեզ իւր չորքոտանիների փարախը։ Ես մտայ այնտեղ, այդ կեխտոտ բնակարանի աղտոտութիւնը անասուններին անգամ անտանելի էր։

—Դու քո բոլոր հիւրերին այստեղ ընդունում ես, հարցրի ես։

—Ոչ, ես ունիմ և այլ սենեակներ ճանապարհորդների համար, պատասխանեց թուրքը իւր խռպոտ ձայնով։

—Այստեղ ինձ անյարմար է գիշերել, տուր մեզ քո սենեակներից մինը որ աւելի մաքուր է, ինձ հարկաւոր է կրակ վառել, և չորացնել հագուստս, դու տեսնում ես բոլորովին թրջուած եմ։

Տանուտերը դժուարանում էր պատասխանել։

—Ինչու չէք խօսում, կրկնեցի ես։

—Գաւուրներին մենք չենք կարող թողուլ թրջուած մեր սենեակները մտանել, ասաց նա սառն կերպով։

Մեր Մեսրոպը լսելով գավուր (անհաւատ) բառը, ձեռքը տարաւ սրին, բայց ես արգելեցի նորան ուշադրութիւն դարձնել մահմետականի խօսքին որ, կրօնական մոլեռանդութիւնից կուրացած, չէր յօժարվում քրիստոնեայի ոտքերով պղծել իւր սենեակի օթոցները։ Եւ հարցրի, թէ այդ գիւղում կային քրիստոնեայ կամ օտար ազգի բնակիչներ։ Նա պատասխանեց, թէ բացի թուրքերից միայն Ղարաչիներ բնակվում են այդ գիւղում։

Ես հրամայեցի իմ չարվատարին ինձ տանել մի Ղարաչու տուն։ Դոքա ցիգանների մի ցեղ են, որք թափառում են Ասիայում և ամէն ազգի հետ անխտիր հաղորդակցութիւն ունին և խօսում են աղճատուած պարսկերէնի խարնուրդից մի առանձին լեզուով։

Ես ներս մտայ մի ախքատիկ խրճիթ, ուր հաւաքուած էր ցիգան գերդաստանի բոլոր անդամները,—մի ալևոր դարևոր հասակով․ նորա պառաւ կինը․ նոցա բարձրահասակ, գորշ գունով և ջլուտ կազմուածքով որդիքը․ նոցա նրբահասակ, թուխ, և վառվռուն աչքերով կանայքը, նոցա վայրենի գեղեցկութեամբ սիրուն դստերքը և մի քանի կիսամերկ երեխայք։ Դոցա թւում մի անկիւնում շղթայած պպզել էին երկու կապիկներ և չարանենգ աչքերով նայում էին տանեցոց վերայ, և թոնրի շրթան մօտ իւր առջևի թաթերի վերայ գլուխը դրած պառկել էր մի ահագին գամփռ։

Մի առանձին հաճութիւն պատճառեց այդ ուրախ և խաղաղ գերդաստանին իմ երևոյթը և նոքա իւրեանց սովորական քաղցրախօսութեամբ սկսան բարովել իմ գալուստը։ Եւ բոլորը մի կողմ քաշուեցան տեղ տալով ինձ նստել նոր վառած թոնրի մօտ։

Գերդաստանի գլխաւորը դարձաւ դէպի ինձ հարցնելով, թէ ինչ կամէի ես պատրաստել տալ ընթրիքի համար։ Նորան ասացի ոչինչ հարկաւոր չէր, որովհետև ես ամէն ինչ ունէի ինձ հետ։ Եւ արդարև, Պարսկաստանում ճանապարհորդելու համար, կամ պէտք է Վամբերիի նման դէրվիշ լինել և ուտել ուրիշի սեղանից, և կամ ման ածել իւր հետ ամբողջ խոհանոց և ամէն տեսակ պաշարեղէն, որ սոված չը մնաս։

Թոնրի տաքութիւնը ինձ մի առանձին հաճութիւն պատճառեց և ես ախորժանօք նայում էի թափառական ցեղի գիշերային պարապմունքին։ Տղամարդիքը նստած մաղեր էին գործում ձիու պոչի մազերից, կանայքը սև սաթի ուլունքներ և այլ զարդեր էին շինում, մի պատանի սովորեցնում էր անվարժ կապիկին պար գալ, միւսները ածում էին քամանի (ջութակի) և տափի վերայ և մի քանիսը հմայում էին։ Վերջիններից, մօտեցաւ դէպի ինձ՝ մի սևաչեայ աղջիկ։

—Կամենում ես քեզ համար գուշակեմ, ասաց նա ինձ ժպտելով։

Մանկահասակ աղջկայ հրապուրիչ դէմքը շարժեց իմ հարցասիրութիւնը և ես հարցրի։

Մի՞թե դու մարգարէուհի ես։

—Այո՛, ես ոգիների հետ հաղորդակցութիւն ունեմ, նոքա տուել են ինձ ֆալ բաց անելու (գուշակելու) շնորհքը, ես կարող եմ գիտենալ մարդերի բախտը, նոցա գլխի գալիքը, և կարդում եմ մարդերի ճակատագիրը։

—Ուրեմն գուշակի՛ր ինձ համար։

Մանուկ աղջիկը նստեց ինձ մօտ և առեց իմ աջ ձեռքը իւր քնքուշ ափի մէջ։ Մի ելեքտրական հոսանքի վազեց բոլոր երակներումս։ Նա սկսաւ հետազոտել իմ ձեռքի գծերը, նորա աչքերը վառուեցան, նա գունաթափուեցաւ, քանի րոպէից յետոյ աչքերը խփեց և կարծես թէ ուշագնացութեան մէջ ընկաւ։ Նա սկսաւ ասել այդպիսի կցկտուր խօսքեր․

„Դու հեռու աշխարներից գալիս ես․․․ անցար շատ ծովեր և լեռներ․․․ քեզ շատ վտանգներ հանդիպեցան․․․ բայց Աստուած ազատեց քեզ․․․։ Հեռու, ծովերի այն կողմը, ես տեսնում եմ մի աղջիկ․․․ նա գեղեցիկ է, որպէս անտառի եղջերուն․․․ նորա աչքերը թաց են եղած արտասուքով․․․ նա քեզ համար լաց է լինում․ դու խոստացար նորան․․․ դու խաբեցիր նորան․․․ բայց չէ դադարել քեզ սիրելուց"․․․։

Վերջին խօսքերը վառեցին իմ սրտի մէջ արդէն մարած կայծերը մի վաղեմի զգացմունքի․․․

Մարգարէուհին շարունակեց․

„Դեռ ևս երկար պիտի թափառես դու․․․ անբախտութիւնը միշտ ընկեր կը լինի քեզ․․․ դու փշոտ ճանապարհներով պիտի ընթանաս․․․ բայց շուշանների հոտ պիտի առնես․․․։

Բաւական է, ասացի ես։

Բայց գուշակօղ աղջիկը ոչինչ չը հասկացաւ։ Նորա պառաւ մայրը տեսնելով որ վերջին խօսքերը ծանր տպավորութիւն ունեցան ինձ վերայ կարդաց աղջկայ գլխին արաբական լեզւով մի քանի խօսքեր և նա իսկոյն սթափվեցաւ։ Ես բաշխեցի նորան մի քանի արծաթ, նա առեց և շնորհակալութեամբ հեռացաւ։

Չը նայելով, թէ որքան ծիծաղելի էր ինձ սնահաւատութիւնը, այնու ամենայնիւ ես ընկղմուած էի խորին հոգեբանական վրդովմունքի մէջ։ Յանկարծ խրճթի դռները յետ գնացին, ներս մտաւ մի գեղեցիկ հագնուած պատանի, երկայն, մինչև թիկունքը թափուած գիսակով և սիրուն դէմքով։ Նորա հետ կային և երկու տղամարդիք երաժշտական գործիքներով։

—Դա իմ թոռս է․ ասաց ալևոր ցիգանը ցուցանելով պատանու վերայ։—Իսկ դոքա իմ որդիքս են․ ցոյց տուեց նա տղամարդերին։

—Որտեղի՞ց են գալիս․ հարցրի ես։

—Գնացել էին փող աշխատելու։

Եւ որդիքը տուեցին իւրեանց ծերունի հօրը որքան արծաթ որ այն օրը վաստակել էին պատանիին պար ածելով, և պատմեցին, թէ որտեղ են եղել, և ինչ են արել։

Ցիգանների այդպիսի թափառական պար եկօղ պատանիքը կոչվում են մութրուֆներ, կամ մօյիդայներ։ Ամէն մի ղարաչի ծնօղքը բախտաւոր են համարում իւրեանց, երբ ունէին գեղեցիկ որդի, մանաւանդ երբ նա ունէր անուշ ձայն։ Մանկութիւնից կրթում են նորան պար գալու զանազան եղանակների մէջ։ Ծնօղաց համար թէ որդին և թէ նոցա պար եկօղ կապիկը մի և նոյն նշանակութիւնը ունեն։ Երկուսին էլ մի օրինակ ման են ածում քաղաքից քաղաք, երկրից երիկիր և փող հաւաքում։ Այդ պատուավաճառ ցեղը արծաթի համար թոյլ է տալիս ամէն կերպ վարուել պար եկօղ մօյիդաների հետ, որ առաւելապէս առիթ է տալիս արևելքի ազգերի անբարոյականութեանը, որք իւրեանց խնճոյքների մէջ գլխաւոր զուարճութիւնը գտանում են մօյիդաներ պար ածելում։

Ղարաչիները Պարսկաստանում ըստ մեծի մասին չունին հաստատ բնականութիւն, նոքա թափառում են երկրէ երկիր։ Հետաքրքրական է տեսանել նոցա քօչը, այսինքն գաղթելը մի տեղից ուրիշ տեղ։ Դու տեսնում ես մի ահագին խառնիճախանճ բազմութիւն, որ կազմուած էր ամենատեսակ անասուններից․―կանայքը և աւանակները տանում են ամենայն ձանրութիւնքը։ Առաջինները կրում են կուրծքի վերայ ծծի երեխան, և շալակած ունեն կռնակին նորանից մեծը, որ ոտքով չէր կարող գնալ։ Աւանակների վերայ բարձած են սև մազէ վրանիկներ իւրեանց պարագաներով, մազեր, որք են նոցա արուեստագործութեան միակ ապրանքը։ Բեռան վերայ խեղկատակօրեն նստած է մի կապիկ, կարծես, ծիծաղում է հետևակ կանանց վերայ, որ ինքը աւելի երջանիկ էր քան թէ նոքա։ Տղամարդիքը տանում են իւրեանց ուսին աւելորդ ձանրութիւնքը աւանակների։

Ղարաչիների լղար, ջղային կազմուածքը․ ամրացած թափառական կեանքի մէջ, առիթ է տալիս նորանց արշաւել Ասիայի մի ծայրից դէպի միւսը։ Ղարաչին շատ ուրախ է և անհոգ, պատահած տեղը նա անպատիւ է և խաբեբայ։

Նոցա կանայքը կախարդներ են, ունեն թուխ դէմք, սև փայլուն աչքեր, նուրբ, ուղղաձիգ հասակ, հրապուրիչ և վավաշոտ բնավորութիւն։ Պատահում է, ճանապարհին գնալու միջոցին, ղարաչի կնկան ծնել իւր յղութիւնը։ Նա լուռ առանձնանում է մի ժայռի տակ ու քանի րոպէից յետոյ իւր նորամանուկը կուրծքին սեղմած, վազ է տալիս, հասանում է քօչին։

Ինձ հետաքրքրական էր տեսանել մօիդաներու պարելու եղանակը։ Գերդաստանի ծերունին շուտով կատարեց իմ բաղձանքը, հրամայելով իւր որդիներին պար ածել խաղացող թոռնիկը։ Նոքա կազմեցին երաժշտական մի կօնցերտ, քամանի (ջութակի) տայերայի և սրնգի վերայ, եղանակելով մի թեթև երգ։ Մանուկ մօիդան, հագնելով իւր մետաքսեղէն կերպասից պատրաստուած գոյնզգոյն քամարչինը (որ կաքաւօղ աղջիկների իւփկայների նման մի բան էր) սկսաւ ձեռքի մատների վերայ զրզնգացնել զանգերը, թեքթեքուել, թռչկոտել, պտտուել, ու երգել։ Նորա պարի ամբողջ բնաւորութիւնը որոշվում էր զանազան հրապուրիչ ձևերի մէջ, որք շարժում էին կիրք, ախտեր և հրճուանք․․․

Վերջացնելով իւր պար գալը մօիդան փաղաքշաբար մօտեցաւ ինձ և կամենում էր գլուխը դնել իմ գրկում։ Այդ նորա սովորութիւննէ պարի վերջում, երբ նոքա նա և թոյլ են տալիս շատերին իւրեանց համբուրել։

Մի այդպիսի հաճոյամոլութիւնը խիստ անախորժ տպաւորութիւն ունեցաւ ինձ վերայ, մանաւանդ երբ մօիդան վշտացաւ թէ ինչու ես էլ չը համբուրեցի նորան։

Հարեմային փակուած դրութիւնը մահմետական Պարսկաստանի մինչև այսօր թոյլ չէ տուել պար եկօղ աղջիկներին տղամարդերին հանդէս դուրս գալ։ Այդ պատճառաւ Պարսիկները զուրկ են գեղեցիկ սեռի հրապարակական պարօղներից։ Այդ պակասութիւնը լցուցանում են միայն մօիդաները։

Սրնայի և Սակղի կողմերը անցնելու ժամանակ, ես հանդիպեցայ միայն մի ցեղի, որ կոչվում էր Սուզմանի, որոց կեանքը տարբերվում էր ղարաչիներից այն զանազանութեամբ միայն, որ Սուզմանիները՝ փոխանակ պատանեակներին պար էին ածում իւրեանց մանկահասակ աղջիկները։

Ինձ պատմեցին, Թէհրանից հեռու, Քեաղգազի կողմերում, ապրում են Հայ բօշաներ, որոց կեանքի ձևերը խիստ նման են ղարաչիներին։ Նոքա քրիստոնեաներ են, խօսում են Հայերէն և իւրեանց կոչում են լուսաւորչական։ Բայց դեռ ևս Թէհրան չը հասած դոցա մասին ստոյգ ոչինչ չեմ կարող գրել քեզ։

Ղարաչի գերդաստանի մէջ գիշերը ես անցուցի բաւականին զուարճութեամբ և հանգիստ։ Առաւօտեան երբ ես պատրաստուած էի ճանապարհ ընկնել, մօտեցաւ ինձ սիրույն Լէյլին, մանուկ մարգարէուհի աղջիկը, որ այն գիշեր գուշակում էր ինձ համար։

Նա տուեց ինձ մի թուղթ կարած մետաքսեայ կանանչ կերպասի մէջ։

—Առ այդ ծրարը․ ասաց նա քնքշութեամբ, և կապի՛ր թևքիդ, դա ազատ կը պահէ քեզ ամէն վտանգներէն քո ուղևորութեան մէջ։

—Ինչ է այդ․ հարցրի ես։

—Թիլիսմ է․ պատասխանեց սիրուն օրիորդը։

Ես նշմարեցի նորա աչքերում արտասուքի կաթիլներ, և չը կամելով դիպչել նորա քնքուշ զգացմունքին, առեցի նորա ձեռքէն կախարդական ծրարը։

—Մնացի՛ր բարեաւ, Լէյլի․ ասացի նորան։

—Գնա՛ բարեաւ, դու մանուկ երիտասարդ, թո՛ղ Աստուած քեզ հետ լինի, ուր որ լինես, չը մոռանաս Լէյլիին․․․։


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Վասպուրականի վանօրեից Լիմ՝ և Կտուց սրբ․ Անապատաց երկու դուքաններ՝ որոնք որ գտնուում են ի Տոփխիս քաղաքի ի Ջիկրաշէն եկեղեցւոյ փողոցում կից Տէր Ասատուրովի տան․ վերանորոգութեան կարօտութիւն ունենալու համար յիշեալ Անապատաց վարդապետներ կծանուցանեն ում որ պիտոյէ քանի տարի իւրեան տան առանց վարձուց ինքն իւրեան փողով ի հմանց վերանորոգել բարեհաճի։


Յունվարի 15-ից բացվում է Թիֆլիսում ԸՆԹԵՐՑԱՐԱՆ պ․ Թամամշեանի քարվանսարայում։ Տարեկան ստորագրութեան վճարը վաճառականների համար 3 ռուբլի է, իսկ ուրիշ ստորագրողների համար 4 ռուբլի։ Ամսական վճարը ամենի համար—40 կօպեկ։

2(3)

Дозволено Цензурою․ Тифлисъ, 24 Января 1873 г․

Ծէրէթէլի և ընկ․ (նախկին Դուբէլիրի) տպարան

Խմբագիր—հրատարակող Գրիգոր Արծրունի