Էջ:Mshak, 1873, issue 6.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հասարակական (ընկերակցական) մետաքս քաշելու գործարանները։ Միայն այդ տեսակ գործարանները կարող են բարձրացնել մետաքսաքաշութեան գործը կատարելագործութեան յայտնի աստիճանին, որովհետև միայն այդ պայմաններով գիւղացին լի վարձատրութիւն կը ստանայ իր աշխատանքի համար։

Շատ ցաւում ենք, որ պ․ Խօջայեանը չընդարձակեց խօսքը այդ առարկայի վրա, և աւելի մանրամասնաբար չը մեկնեց այդ տեսակ գործարանների կազմակերպութիւնը, իսկ համեստ կերպով աւելացրեց, որ ինքն մինակ իրան թոյլ է համարում վճռել այդ նշանաւոր խնդիրը, բայց եթէ Գիւղա-տնտեսական ընկերութիւնը կը ճանաչէ այդ տեսակ հիմնարկութիւնների օգուտը և անհրաժեշտութիւնը, չի դժուարանայ ինքն մշակել մի պրօգրամմա։

Առաջարկութիւնը մեծ համակրութեամբ ընդունվեցաւ ընկերութենից և պ․ նախագան, ասեց, որ պ․ Խօջայեանցից յարուցած խնդիրը կ'առաջարկվի ընկերութեան խորհրդին և կ'ընտրվի մի յանձնաժողով որ և կը մշակէ պրօգրամման։

Մենք չենք երկբայում, որ ընկերութիւնը կ'աշխատէ իրագործել այդ միտքը, բայց մեր պարտաւորութիւն ենք համարում աւելացնել, որ եթէ մեր կալվածատէրերը չը համակրեն այդ մտքին և չ'աշխատեն նրան իրագործել իրանց ազդեցութեան տակ գտնված գիւղական շրջանում,— հազիւ թէ այդ գաղափարի իրագործումը ցանկացածին չափ յաջողվելու է։


ՄԵՂՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ


Պատուելի լրագրի էջերի մէջ (№ 5) կարդացինք մեզ վերա մեղադրանք, որ իբր թէ մենք կրքով ենք շարժվում, իբր թէ սուտ ենք խօսում։— Տե՛սնենք պարոններ, բարձր ուսում ստացածներ ո՞վ է սուտ խօսում, դուք թէ մենք։ Մենք ասացինք, թէ՝ „Մեղուն“ մինչև հիմայ չէ կարող հասկանալ, որքան օգտաւէտ են թատրօնի վրա թարգմանական բեմական գրվածները․․․ խեղճ։ (տես № 3)։ Պատուելի լրագիրը հերքում է մեր ասածը, աւելցնելով թէ յիշեալ համարում ակնարկութիւն անգամ արած չէ թարգմանական բեմական գրվածների վերա։

Մենք գիտէինք թէ „Մեղուն“ ինքն իրան շարունակ հակառակում է, թէ առաջնորդող յօդվածների մէջ կղերական մտքեր է յայտնում, իսկ քաղաքական բաժնի մէջ խօսելով ասենք Շվէյցարիայի կամ ուրիշ երկրի վրա, յարձակվում է հոգևորականների դէմ, թէ առաջնորդող յօդվածների մէջ պաշտպանում է որդեգրութեան անհրաժեշտութիւնը Ներսիսեան դպրոցի մէջ, իսկ ներքին բաժնի մէջ զարմանում է թէ արուեստագործական ուսումնարանի մէջ մտցնվելու են գիշերօթիկներ ւ այլն,— բայց մէկ բան չը գիտէինք՝ այն է, որ յիշեալ լրագրի խմբագիրները իրանք չը գիտեն ինչ է գրվում նրանց թերթի մէջ և ուրիշները պիտի նրանց մատով ցոյց տան ու յիշեցնեն նրանց անգին անհամութիւնները ու վնասակար հակասութիւնները։

Ահա՝ „Մեղու Հայաստանի“ լրագրի այս տարվայ № 3-ում տպած է (երես 3, էջ 2) „Րիշէլիօյի“ մասին՝

Այս ներկայացմամբ ևս մեր դերասանները հաստատեցին մեր այն միտքը, որ մենք յայտնել ենք անցեալ տարուայ „Մեղուի“ 40 համարում, այն է՝ թէ թարգմանած պիէսաներ խաղալու համար հարկաւոր է, որ նախ՝ դերասանը ծանօթ լինի այն կեանքի հետ, որի շրջանից նա կամենում է հանդէս դուրս գալ, և ապա ընդունի իր վերայ այս կամ այն դերը։ Դժբաղտաբար, ինչպէս երևում է, դերասանները չեն հասկանում կամ չեն կամենում հասկանալ այս հասարակ միտքը, որ շարունակում են Ռիշելիօ, Երեսուն տարի և Սէր և Նախաշարումն (?) պիէսաները տալ։

Երբ մի լրագիր մի համարի մէջ ակնարկութիւն է անում իր նախընթաց համարներից մինի վրա, ասելով „Այս ներկայացմամբ ևս մեր դերասանները հաստատեցին մեր այն միտքը որ մենք յայտնել ենք անցեալ տարուայ մեր 40 համարում,“— այդ նշանակում է թէ լրագիրը վկայութիւն է բերում իր նախընթաց համարներից այն համարը, որ պիտի հաստատէ իր յայտնած միտքը․․․ ուրիշ կերտով չէ կարելի հասկանալ (բոլոր կրքերը մի կողմ թողնելով)․․․։ Իսկ ի՞նչ է յայտնած այն երևելի 40-որդ համարում։ Ահա ինչ՝

Ինչ որ վերաբերում է պիեսայի արժանաւորութեան, մեր կարծիքով, այնպիսի գրուածքները, որպիսի է այդ „Երեսուն տարին“ մեր հայկական բեմի վերայ ներկայացնելը դեռ ևս միտք չունի։ Եթէ Թատրօնը լինում է մեզանում ոչ թէ միայն զուարժութիւն պատճառելու նայողներին, այլ նա և մի ինչ օգուտ քաղելու մեր միջին դասի ժողովրդի համար, որոնցից մեծ մասամբ բաղկանում է մեր քաղաքը և որոնք սովորաբար այցելութիւն են անում մեր թատրօնին, մենք կարծում ենք, որ Ֆրանսիայում պատահած մի դէպք ներկայացնելը մեր բեմի վերայ բոլորովին խորթ և անօգուտ կը լինի։ (Մեղու, № 40, երես 159, էջ 3 )


ՆԱՄԱԿ ԳԱՆՁԱԿԻՑ


Ինչպէս իմ անցած նամակու խօստացայ հետևել Մշակի պրօգրամային, ահա՛ կատարում եմ նորան առ այժմ մի հայեացք ձգելով մեր Գանձակ քաղաքի դիրքի և նորա շրջակաների վերայ․ ապա հետևապէս կխօսեմ նորա ազգաբնակութեան, արհեստի, նոցա սովորութիւնների, հասկացողութեան և երկրի բերքի վերայ։

Գանձակ քաղաքը աշխարհագրական դիրքով գտանվում է հիւսիսային լայնութեան 40° և մերիդիանից դէպի արևելք 64°-ի տակ, Կուր գետի երկարութեամբը ընկնող տափարակ դաշտավայրի լայնութեան վերա, առաւել մօտ իւր հարաւային բարձրաւանդակներին, քան թէ նոյն իսկ Կուր գետին 195 վերստի չափ տարածութեամբ հեռի Թիֆլիզից։

Գանձակու հին-նահանգական սահմանները արևելեան կողմից հասնում են մինչև Ղարաչայ-գետակը, որի և քաղաքի մէջ գտանվում է Քիւրակչայը երկու կողմից ևս միջին թուով մօտ 20 վերստի հեռաւորութեամբ։ Հարաֆային կողմից նորա և Սևանայ լճակի կամ, նոր Բայազդի մէջ գտնվող բարձրութիւնները, սրանց վերին սարա-փեշերը հազիւ թէ 10 կամ 12 վերստ հեռաւորութիւն ունեն քաղաքից․ և այս փեշերի վերա կամ փոքր ինչ բարձր զետեղված են Գանձակու բոլոր հայաբնակ գեղերը առանց մի քանիսի բացառութեամբ։

Արևելեան կողմից հասանում է մինչև Զագամը, նոյնպէս իւր սահմանի միջավայրում թողնել Շամքուռ գետակը երկու կողմից ևս միջին թուով 26 վերստի մինչև Կուր գետը և նոյն գետակների խառնորդներ (որտեղ նոքա խառնվում են Կուր գետին), և այս ջերմ դաշտերում գտանվում են մեր թափառական թուրքերի գիւղերը կամ լաւ ասած ձմերանոցները (ղշլաղ)։

Վերջին տարիներումս երբ Գանձակը գաւառական քաղաք դարձաւ, նորան պատկանեցին Շուշի և Նուխի քաղաքները իրանց նահանգներով արևելեան կողմից, իսկ արևմտեան կողմից Շամշադին և Ղազախ նահանգները։

Այս շրջանկատողութիւնից յետոյ ընթերցողին կհրաւիրեմ նկատել քաղաքի պատկերը, որից յետ նորա կլիման, ջուրը ապա քանի մի գիտելիք։

Չնայելով որ քաղաքը շրջապատած է այգիներով՝ բայց նորա մէջ ևս իւրաքանչիւր մի տան մօտ կամ բակի կիսամասնում գտանվում է մի այգի կամ մի փոքրիկ տեղ, որտեղ լինում են պտղատու ծառեր և ցանվում են զանազան բանջարեղէններ և ծաղիկներ։ Փողոցները ընկած են առանց մի որ և է կանօնաւոր ուղղութեան և մի կողմից կրում են շարունակաբար դարաւոր հասակով սոսենիներ (չինար) և ուռիներ առաւել փոքր թուով առաջիններից։ Իւրաքանչիւր մի պարտեզում կամ այգիում բացի պտղատու ծառերից գտնվում են ահագին և նուրբ բարձրութեամբ բարդի ծառեր, որոնք մեծ մասամբ գտանվում են նոցա առաջին ցանգապատի երկարութեամբ։

Այս ծառազարդ քաղաքում հազիւ թէ նկատելի են լինում տները և այն միայն մօտից, եւրօպական ճաշակով։ Թիֆլիզից դէպի Գանձակ գնացող ճանապարհորը Շամքուռ գետակը անցնելով մօտ քսան վերստից արդէն նկատում է դեռ հօրիզօնում քաղաքի պատկերը։ Այդ տափարակ և միանգամայն երկար դաշտավայրում նորան թվում է թէ հանդիպելու է մի խիտ անտառի, բայց հետզհետէ մօտենալով գեղեցկանում է նորա առաջ այդ տեսարանը․ (մանաւանդ երբ նկատելի են լինում բարդի և սօսենի ծառերի կատարները, որոնք հսկայաձև բարձրանալով հպարտութեամբ պատերազմում են հողմի և ջերմութեան հետ։ Գեղեցիկ է մանաւանդ Գանձակու գարնան առաջին կիսամասը մարտ ամսից մինչև ապրիլի վերջին կէսը, որը ներկայանում է իբրև մի հրապուրիչ տարածուի բաղկացած գոյն զգոյն ծաղիկներից։

Տեղի կլիման շատ ջերմ կլինէր եթէ չմեղմացնէին դորան իւր հարաւային սարերը, իսկ եթէ ունենար սա մի բաւարար ջուր, որ կարողանար սրբել նորա օդը ապականող անմաքրութիւնները, ապա ես շուտով կհամարձակվէի ասել որ սորա կլիման ջերմ չէ Թիֆլիզից։ Բայց այժմ սորա բնակիչները յունիսի վերջերից մինչև օգոստոսի վերջը, բաւականին ճնշվում են մանաւանդ ջրի պակասութիւն զգալով, իսկ օտարներին գրէթէ անտանելի է լինում այդ ժամանակները։

Քաղաքի արևելահիւսիս և արևմտահիւսիսային կողմերը աւելի ջերմ են, բայց որքան մօտենում ես դու դէպի հարաւ նոյնքան դիւրաշնչելի է լինում քեզ․ այնպէս որ քաղաքի վերին մասներում բոլորովին առողջարար է օդը, իսկ ջուր համեղ և մաքուր ամենայն տեսակ խառնուրդներից։ Որովհետև Գանձակու գետակը (և ինձ այդ անունը կրում է իւր վերա) որ ընդ միջելով քաղաքը, անցնում է դէպի Կուր գետը, բերում է իւր հետ շատ վատ առողջ սև ջրեր (ղարասու), որոնք մեծ մասամբ բղխում են քաղաքին մօտ նոյն գետակի վերայ գտնվող կարմիր ժայռի (ղզլ-ղայայ) տակերից։ Իսկ վերը յիշած ջուրը որ մատակարարում է քաղաքին վերին մասերը և անվանվում է Թոփչի, չէ պարունակում իւր մէջ ոչ մի սև ջրի խառնուրդ։

Ասացի որ գետակը ընդմիջելով քաղաքը անցնում է Կուր գետը թափվելու, բայց չմոռանանք որ նորանում երբէք ջուր չէ մնում։ Մանաւանդ քանի մի տարիներից հետէ քաղաքի ներքին մասի բնակիչները գոհ են, եթէ մշտապէս իւրեանց հասանէր նոյն սև ջրի վերջին մնացորդը[1], որովհետև, գետակը ոչ թէ միայն փոքր է ըստ ինքեան, այլ և դեռ քաղաք չհասած արդէն ցամաքացնում են նորան նոյն իսկ քաղաքի շրջակայքը գեղեցկացնող առուները։ Խեղճ գետակի ցամաք հեղեղատը միայն անցած է քաղաքի միջով, որի մէջ հազիւ թէ ջուր է տեսնվում երբեմն, իսկ գարնան ժամանակ սաստիկ կատաղութեամբ յորդում է այդ ջուրը և շատ անգամ արգելք էր լինում ժողովրդին անցնելու դէպի փողոց, քանի որ հիմնաւոր կամուրջ չկար նորա վերայ, բայց մօտ տարիներումս շինվելով նոր և գեղեցիկ չուգունի կամուրջ, արդէն բարձված է այդ արգելքը։

Գետակի արևելեան կողմը, որ քաղաքիս առաջին մասն է, նշանաւոր է ա․ բերդով, որ շինած է հին տաճկական ճաշակով (թէ և նորերումս քանի մի փոփոխութիւններ արած են) և բ․ հրապարակով՝ (մէյդան) որ հռչակված է իւր մեծութեամբ և շրջապատված սոսիներով։ Այդ սոսիների տակից (ինչպէս և առ հասարակ միւսների) անընդհատ մի ջրով լի առուակ է անցնում, առանց որոյ իսկոյն կչորանային այդ ծառերը, և դոցանից քանի մի քայլ յետ շղթայաձև բայց և առանց տեսակների կանոնաւորութեան խառն ի խուռն կերպով ընկած են ամենայն կարգի կրպակներ, իսկ արևմտեան երկանութեամբ գտանվում են առ հասարակ կրակ բանացողների գործարանները․ եթէ կարելի է այսպէս անվանել։

Հրապարակի վերին ծայրում (հարաւում) գտանվում է մուսուլմանների մզկիթը (մէչիդ) և այդ հրապարակից նորա գաւիթը մտնող դռան տանիքի վերայ հսկայի պէս վերեն բարձրացած երկու աշտարակներ, որոնք հասնում են սոսիների բարձրութեանը և նոցա գմբէթի լուսնի կիսապատկերը կարծես կամենում է դուրս երևել ծառերից բարձր։ Թէ ի՞նչ պատմական յիշատակներ ունեն այդ աշտարակները, ես թողնում եմ, միայն թէ դոքա երբեմն ռուսաց տիրապետութեան օրով կործանված էին, բայց օսմանեան վերչին պատերազմի ժամանակ 1853 և 1854 թուականներին նորից բարձրացան, և սոցա գմբէթի տակից մոլլան իւր ազանով աղօթքի է հրաւիրում մահմետականներին։

Քաղաքի այս մասնում բնակվում են թուրքեր և մասնաւոր հայեր երկու առանձին թաղում, որոնց անվանվում են Նորաշէն և Երևանցոց թաղ։

Երկրորդ մասը քաղաքիս գետակի արևելեան կողմն է, որը իւր մաքրութեամբ և կլիմայով բոլորովին որոշվում է առաջինից։ Քաղաքիս գեղեցկութիւնը թէ և նախանձելի չէ իւր նեղ փողոցներով, և տգեղ շինութիւններով, բայց սորա այս մասը, որին անուանում են Քիլիսաքանդ (եկեղեցու թաղ) գոնէ մասամբ գեղեցիկ է առաջինից։ Դատարանների մեծ մասը այս թաղումն է գտանվում, որի հետ և շինութիւնների գեղեցիկը։ Այս թաղումն է Գուբէրնատօրի (գաւառապետի) բնակարանը, հայոց մայր եկեղեցին, յաջորդարանը, և մի այլ նորակառոյց խաչաձև և հոյակապ եկեղեցի, սուրբ Լուսաւորչի անվամբ, կանգնած վեց քարեայ սիւների վերա և այլն և այլն։

Այս թաղում բնակվում են հայեր, և մասնաւոր թուրքեր որոնց անվանում են մոլլա-ջալլու։

Թողնում եմ առ այժմ քաղաքիս բնակիչների թիւը, նոցա պարապմունքը, արհեստը, վաճառականութիւնը երկրի բերքը—խաղողը-գինին, հացը, բրինձը, մետաքսը և այլն և այլն և վերջացնում եմ խօսքս ասելով՝ որ մինչև այժմ ժողովուրդը շատ սառն էր դէպի շինութիւնները, բայց վերջին ժամանակներս երբ տների գինը բարձրացաւ, զգաց նա պլանի կարևորութիւն, ուստի և յանձն առնելով այդ մասին ծագած բոլոր վնասները անցեալ 1872 թ․ մի նախագիծ կազմեց և առաջարկեց Կովկասի փոխարքային հաստատելու։ Այս նախագծի վերայ այժմ ցանկացողները ճարտարապետիվ ստանում են պլան և ֆասադ և այսպէս գտանվում են բաւականին աւարտած և դեռ ևս կիսաւարտ յարմարաւոր տներ, մանաւանդ հայերի մէջ։

Մաժակ
1873 թիւ, յունվարի 15-ն։

Յ․ Գ․ Եթէ իմ անցեալ նամակս կարդալու բազա ունենան մեր պատուելիքը, թո՛ղ չշփոթվին, որ նորա գրելուց յետ մի քանի իրողութիւնք այլ կերպարանք են ստացել, բայց ոչ երբէք դէպի լաւը։ Մանաւանդ նախկին հոգ․ ներկայացրած հաշիւ մինչև այսօր քնում է Տէր Յաջորդի արկղի մէջ, իսկ ներքին խաղարկութեան 5% տոմսակները մինչև այսօր չեն կամենում ստանալ պ․ Ափանոսեանից։ Ցաւում ենք, որ այս հաշիւին վերաբերած մի պարոնի նամակ մինչև այսօր անտիպ է մնում։

Մ․․․։

ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ


ՆԱՄԱԿ ՑԻՒՐԻԽԻՑ


Երբ մարդս՝ իւր պակասութիւնները ճանչնայ և խոստովանի, ըսել կըլլայ թէ՝ զայն ուղղելու տրամադրութեան մէջ է կամ կիսով չափ ուղղած, նոյնպէս եթէ մենք՝ Հայերս ալ՝ մեր թերութիւնները խոստովանինք՝ անշուշտ պիտի կարենանք նաև զանոնք ուղղել, բայց դժբաղդաբար՝ շատերնիս՝ մեր ունեցած թերութեանց, յոռի սկզբանց և անհաստատ ընթացից վրա յամարելով՝ զանոնք իբրև պատուական յատկութիւններ ընդունած ենք, և պիտի պահենք պնդիւ գուցէ թէ և և շատ ատեններ։ Մասնաւորապէս Պօլսոյ վրա խօսիլ կուզեմ, ուր՝ մեր ազգային կացութիւնը բաւական ծանօթ է ինձ։ Պօլիս դպրոցներ ունի, ընկերութիւններ, խօսարան կամ լսարաններ և լրագիրներ, Պօլսոյ ժողովուրդը իւր ունեցած այդ հաստատութեանը վրա կը պարծի, յառաջադէմ կը կարծէ զինքը և կը հրճուի պնդելով թէ իրոք յառաջադէմ է և ահա այդ է իւր ամենամեծ սխալը վասն զի ինչպէս ամեն մարդ գիտէ, Պօլսոյ դպրոցներուն փրոկրամները թիւններու երկա՛ր շարք մը կը պարունակեն, շա՛րք մը որոնց մեծագոյն մասը արդի Եւրօպական լուսաւորութեան մէջ խել մը յիմարութիւններ են, մէկ մասին ստուերն անգամ չիկայ, իսկ միւս երրորդ մասը կը սորվեցունեն ա՛յնպիսի ողորմելի կերպով մը որ՝ աշակերտը դպրոցէն կելնէ և մեծամասութեամբ մը կըսէ, „Ես գաղղիերէն գիտեմ“։

Ընկերութիւնները բարձր, վեհ և վսեմ նպատակներով երևւան կուգան, Հայաստանը յերկինս կը բարձրացընեն, ատեն մը ժողովուրդը կը խաբեն և կը տեսնես որ օր՝ալ ընկերութեան գանձապետ մեծ․ Թ․ Գ․ էֆէնտի Չաքչաքեանը անանկացեր և ընկերութիւնն ալ իւր նպատակին արդէն հասեր է․․․ Վերջապէս խօսարաններ, լսարաններ, թատրօններ և լրագիրները ա՛յնպիսի դաստիարակութիւն մը տուեր են մեր գովեստասէր երիտասարդութեան որ ամենքն ալ քիչ բացառութեամբ ճարտասան, բանաստեղծ, քաղաքագէտ, պատմագէտ, ելն ներ եղած են, մանաւանդ երբ օղիին գաւաթը ձեռքը բռնած ազգին յառաջադիմութիւնը խորհի, ահա այն ատեն մեր ազգասէրը Վարդանն ալ կը գերազանցէ Եղիշէն ալ Սողոմոնն ալ․․․ Եւ եթէ անգամ մ'ալ իւր թերութիւնները իրեն ներկայացընես և յուղղութիւն հրաւիրես, անմիջապէս կը զայրանալ, կը բորբոքի, կարհամարհէ և կըսէ․ „հահոյիչ է, ապերախտ է“։ Պօլսոյ ազգային կացութեան վրայ չեմուզեր երկարաբանել, վասն զի, ազնիւ ընթերցող, եթէ կուզես քիչ մը ատեն թողուլ այն հանապազօր լսածներդ

  1. Քաղաքի ա․ մասում փողոցից մօտ գտնվու է մի քանքանով բերած ջուր (քահրիզ) նոյն սև ջրերից, որով կառավարվում են ամբողջ փողոցաւորները և նոյն թաղի բնակիչների մի մասը։