Էջ:Muratsan, vol. 1.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմքով մոտեցավ Խաթունին և բռնելով նրա ձեռքից ուժով քաշեց դեպի դուռը․

—Դո՛ւրս գնա, ասում եմ քեզ, դո՛ւրս գնա…

Պառավը շատ աշխատեցավ ընդդիմանալ, սակայն նրա թույլ ուժը չօգնեց յուր ցանկության։ Տանուտերը նրան դուրս հանեց և դուռը ետևից փակեց։

Այդ բանի վրա Մարիամը և երեխաները սկսան լալ և աղիողորմ ճիչեր արձակել, կարծես թէ իրենց միակ պաշտպանը կորուսին։

Եվ այս թշվառություններից ամենամեծն է, երբ կինը յուր կողակիցի և որդիքը իրանց հոր դեմ օտարի պաշտպանությունն են խնդրում։

Պառավը բռնի դուրս հանվելով, զայրացած վազեց դեպի եկեղեցի, որը այնտեղին շատ մոտ էր։ Ժամասացությունը արդեն վերջացել էր, և ժամավորները դուրս էին գալիս։ Նա կանգնեց բակի մեջ և աղաղակեց․ «Այ մարդիկ, այստեղ ամուսինը յուր կնոջը սպանում է ի սեր աստծո, եկեք ազատեցեք»։

Այս աղաղակը ցնցեց ժամավորներին։ Նրանք պատեցին իսկույն պառավը շուրջը։ «Ո՞վ է, ո՞ր է, ցույց տուր» ամեն տեղից գոչում էին։ «Եկեք և ինքներդ տեսեք», պատասխանեց պառավը և առաջ անցավ շտապով, իսկ ժողովուրդը իրար վերա խռնվելով հետևում էր նրան։

Մի քառորդ ժամից բոլոր եկեղեցին գրեթե ժողովվել էր ոսկերիչի բակը։ Մի քանիսի խնդրանոք Խաթունը համառոտ պատմեց, թե բանը ինչումն էր։ Այնուհետև ամբոխի միջից ավելի տաք գլուխները գոռում գոչումով սկսան տան դուռը բախել։ Ոսկերիչը այս խայտառակությունից ավելի համառված ոչ մի կերպ չհամարձակվեցավ դուռը բանալու։ Ամբոխի խառնաշփոթ ձայնը ավելի վախեցրավ ներսը գտնվող երեխաներին, որոնք իրանց բոլոր ուժով սկսան գոռալ։

Նրանց լացի ձայնը և հոր համառությունը ավելի և ավելի գրգռում էր ամբոխի զայրույթը։ Այս տեսնելով վարպետ Սարգիսը, Խաթունի ծերունի, բայց դեռ ուժեղ մարդը, դուրս եկավ ամբոխի միջից և մոտենալով փակված դռանը հրամայաբար կանչեց․ «Գրիգո՛ր, բա՛ց դուռը»։ Գրիգորը թեպետ