Էջ:Muratsan, vol. 1.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իմ միտքը ոչ այլ ինչ էր, եթե ոչ լցնել իմ սրտի դադարկությունը մի մարդու ընկերակցությամբ, որ կարող էր հասկանալ ինձ: Ես այդպիսիներին որոնում եմ, ինչպես մի մարդ, որ չէ կամենում ամայության մեջ խեղդվել: Եվ հավատացեք, որ եթե ես չգտնեի ձեր մեջ իմ որոնած բարեմասնությունները, ես իսկույն կհեռանայի, թողնելով ձեզ՝ միայն ինձ ծանոթ լինելու իրավունքը:

Այստեղ ես մնացել էի շվարած. իմ ուղեղը էլ չեր գործում: Երեկոյան այդ աղջկա մասին իմ ունեցած ցնորքների տպավորությունը անհետացավ և նույնիսկ այս առավոտ նրա մասին երազներս պղպջակներից պես ցնդվեցան օդի մեջ:

«Ես այս աղջկան չկարողացա ճանաչել, ես միայն երազում էի», մտածեցի ինքս ինձ և սկսա ամաչել: Առաջին անգամն էր իմ կյանքում, որ մի աղջկա ներկայություն ճնշում էր իմ հոգին: «Բայց պետք է ավելի որոշ դրության մեջ դնել գործը», մտածեցի ես երիտասարդներին հատուկ հանդգնությամբ և նկատեցի.

— Դուք շատ խիստ եք, օրիորդ, ամեն մարդ օժտված չէ լինում կատարյալ բարեմասնություններով, և եթե ամենքի մեջ ձեր ցանկացածը որոնեիք, դուք միշտ դատարկաձեռն կմնայիք և ամայությունը հավիտյան ձեզ կշրջապատեր: Ես ինքս օրինակ հոժարությամբ խույս կտայի ձեր բծախնդրությունից, եթե դուք չշատանայիք այսքանով, ինչքան ես կարող եմ նվիրաբերել ձեր բարեկամությանը: Ինչպես նյութական նույնպես և հոգեկան հարուստությունը սահմանավոր է, մարդկանց տենչանքն է միայն՝ որ սահման չունի: Ի՞նչ իրավունքով դուք պիտի մերժեք ինձ ձեր բարեկամությունը, եթե օրինակ ես կամենում եմ վաստակել իմ սահմանափակ ընդունակություններով: Չէ՞ որ զոհաբերությանց մեջ լուման էլ արժեք ունի և նվիրաբերությաց ժամանակ հաշվի է առնում նվիրողի սիրտը, քան թե նվերի արժանավորությունը:

Մարգարիտան սկսավ ծիծաղել: Ես ավելի սիրտ առնելով նրա ուրախ տրամադրությունից, հարցրի.

— Ի՞նչ, մի՞թե դուք կմերժեիք ինձ ձեր բարեկամությունը, եթե օրինակ ես կամենայի գնալ նրան ամենաանկեղծ