Էջ:Muratsan, vol. 1.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խռովություն է ձգել տան մեջ։ Էլ նախատինք, էլ հայհոյանք չէ մնացել, որ դա իմ գլխին չթափեր։ Եվ ահա մի քանի ամիս է, որ սովորել է ծեծել։

— Բայց այս գիշեր իսկապես քեզ ինչու համար էր ծեծում,— հարցրավ վարպետ Սարգիսը։

— Տեսնո՞ւմ եք, որ երեխաս հիվանդ է, — ամենայն պարզությամբ շարունակեց Մարիամը, ցույց տալով անկողնի մեջ նստած հիվանդ երեխային,— երեկ մոմ-հալող Վարդին բերի երեխայիս սրտին մոմ հալելու, նա ասաց, որ երեխայի հիվանդությունը խաչիցն է։ Դորա համար էլ ես էլ մի գառն ունեինք, վերցրի երեկ և մատաղ արի մեր սուրբին։ Երբ դա երեկոյան տուն դառնալով այդ բանը իմացավ, գազանի պես կատաղեց։ Ամբողջ երկու ժամ նախատինքներ ու հայհոյանքներ թափեց իմ գլխին, երբ ես էլ համբերությունից դուրս գալով սկսա միևնույն կերպով պատասխանել իրեն, նա սկսավ անողորմաբար ծեծել ինձ... և ծեծեց ամբողջ գիշերը...— այստեղ արտասուքը խեղդեցին խեղճ Մարիամի ձայնը և նա այլևս չկարողացավ շարունակել։

Բայց նրա պատմածները ներկա գտնվողները լսելով չէին կարողանում զսպել իրանց զայրութը: Նրանցից մի քանիսը մինչև անգամ փորձ փորձեցին ոսկերիչին ծեծելու, բայց վարպետ Սարգիսը բոլորին էլ արգելեց, և դառնալով դեպի յուր կինը.

— Խաթուն,— ասաց նրան,— վեր առ Մարիամին և երեխաներին և տար մեր տուն, այս մարդը այլևս դրանց տիրություն անելու չէ. այսուհետև մենք պետք է դրանց պահպանենք և հույս ունեմ, որ ավելի լավ կպահպանենք։

— Ինչու չէ, մեր աչքերի լույսի պես,— պատասխանեց բարի Խաթունը. — մի ժամ առաջ ես նույնն էի կամենում անել, բայց այգ անզգամը ինձ տանից դուրս արավ։

Այս ասելով նա մոտեցավ Մարիամին և ձեռքից բռնելով բարձրացրավ նրան։

— Աշոտ,— դարձավ վարպետ Սարգիսը դեպի յուրը որդին որը մոտը կանգնած էր,— այս հիվանդ երեխային յուր անկողնով միասին ղրկիր և տուն տար։ Դուք էլ գնացեք,—