Էջ:Muratsan, vol. 1.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին նվագում նրանք երկուսն էլ ընդդիմացան իմ այդ որոշմանը: Բայց երբ ես բացատրեցի նրանց, որ այս քաղաքում իմ և Մարգարիտայի ամուսնանալը անհնար է, ըստ որում կաթոլիկ կղերը մինչև վերջին շունչը պիտի պատերազմեր ինձ հետ, նրանք համոզվեցան:

— Այսուամենայնիվ այդ փախուստն էլ դժվար է, — նկատեց փեսաս,— որովհետև քանի որ դու այդ գաղտնիքը հայտնել ես Կլեմես սարկավագին, կնշանակե այդ բանը գիտեն և՛ պատերները, և՛ Լուսինյանը. հետևապես նրանք ձեզ կհետևեն ամեն մի շոգենավ ճանապարհվելիս և կխանգարեն ձեր փախուստը:

Այս կասկածը հիմնավոր էր. ուրեմն պետք էր ձեռնարկել այնպիսի մի միջոցի, որով մեր հակառակորդների հետապնդությունը կարելի լիներ ի դերև հանել:

Բայց իհարկե, ես ինձանից ոչինչ միջոց առաջարկել չէի կարող. ես սպասում էր, որ՞ դարձյալ փեսաս գտներ այդ միջոցը:

— Նավահանգստի կողմից նավ մտնել, առանց տեսնվելու անկարելի է, — որովհետև չնայելով, որ շոգենավը գիշեր ժամանակ պիտի ճանապարհվի, այսումենայնիվ շատերը նավահանգստում կլինին, և այդտեղ ուղղակի նավակ նստել չեք կարող: Եթե հնար լիներ մի ուրիշ ճանապարհով հասնել շոգենավին, այն ժամանակ գործը կհեշտանար. որովհետև նավը թեպետ նավահանգստումն է, բայց շատ հեռու է կանգնած ափից. այնպես, որ նավամատույցի վերա գտնվողներից ոչ ոք գիշեր ժամանակ չէ կարող ճանաչել շոգենավ մտնողներին:

— Մի՞թե ուրեմն մի ուրիշ հարմար տեղ դու չես ճանաչում, — հարցրի ես:

Փեսաս մի փոքր մտածեց և ապա հարցրեց:

— Դուք կարո՞ղ եք բաց ծովից նավակ նստել:

— Ինչու՞ չէ, — պատասխանեցի ես, — մի՞թե մի առանձին վտանգ կա դրանում:

— Վտանգ չկա, բայց պետք է արիություն ունենալ: Դուք պետք է մի վերստ հեռավորությունից ծով մտնեք և նավակով հառաջանաք մինչև նավահանգիստը: Հասնելով նավահանգստին՝