Էջ:Muratsan, vol. 1.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կացողություն ունիք և ինձ շուտով կբռնեք. թողեք խոսեմ, եթե սխալ կգտնեք խոսածիս մեջ, կարող եք ինձ լռեցնել:

Սա երկրորդ զենքն էր:

Այս խոնարհ խոսակցության եղանակը Համբարձումի ինքնասիրությունը գգվեց, և նա խոստացավ լռել: Ավետիքը սկսավ:

—Եթե ես ասում եմ թե ձեր քահանաները ձեզ մոլորեցնում են սխալ ճանապարհներ տանելով, դուք նեղանում եք: Տեսեք. դուք միշտ միմյանց հայհոյում եք, բամբասում եք, զրպարտում եք, թշնամություն եք անում, միմյանց տուն քանդում եք, բայց այս բոլորի համար ձեր քահանան ձեզ չի ասում, թե մեղք է, մի անեք, այդ բանից պահք պահեցեք, այլ ընդհակառակը յուղ ու միս ուտելից է ձեզ զգուշացնում: Սա մոլորեցնել չէ՞: Այստեղ յուղով փլավի տեղ՝ ձեթով եք ուտում, իսկ այնտեղ գնում ընկեր—ընկերի միս ուտում. սա ինչի՞ նման է:

—Ես իմ աստվածը շատ լավ է ասում պարոն Ավետիքը,— ընդհատեց նրան մատռվակը, — վա՜յ մեր մեղացը:

— Հա, ի՞նչ խոսք ունիս սրան, պարոն Համբարձում, — հարցրավ՛ նրան տանուտեր Գրիգորը, որին ըստ երևույթին շատ դուր էին գալիս Ավետիքի խոսքերը, — սուտ է ասում թե՞ ճշմարիտ:

—Ես ի՞նչ գիտեմ, սուտ է ասում թե ճշմարիտ, — կես բարկությամբ պատասխանեց Համբարձումը,— պետք է մեր վարժապետ Հարությունը այստեղ լիներ, որ դրա խոսածների միտքը իմանար: Այսքան գիտեմ, որ դա յուր կյանքում ոչինչ լավ բան չի խոսիլ. ինչ էլ խոսի՝ մեր սուրբ հավատի հակառակ է:

— Այո,— շարունակեց Ավետիքը, բնավ ուշադրություն չդարձնելով Համբարձումի խոսածներին, — ձեր մեջ հազարավոր պակասություններ կան, որոնց չեն ուզում ուղղել ձեր քահանաները, որովհետև նրանք չեն ուզում ձեր աչքերը բանալ: Ձեզ խավարի մեջ պահելով իրանք միշտ ավելի կշահվին: Ձեր մեջ հարյուրավոր ընտանիք քաղցից մեռնում են, դուք նրանց չեք մոտենում, նրանց կարեկից չեք լինում,