Էջ:Muratsan, vol. 1.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նոցա համար ի՞նչ նշանակություն ունեին մեր հոգևորականաց պակասությունները, որոնք ամեն ազգերի հոգևորականաց մեջ գտնվում են և այն դեռ շատ մեծ չափերով։ Ինչևէ քարոզչի ճառախոսությունները բոլորը քաղցր ուշադրությամբ լսում էին, իսկ ոսկերիչ Գրիգորը գրեթե զմայլված էր...

Ընթրիքը վերջանալուց հետո քարոզիչը դարձյալ խոսաց մի քանի բան, բայց այս անգամ նա կամենում էր ծանոթանալ ներկա գտնվող նոր հյուրերի կարծյաց հետ։ Վերջիններս, որոնք իսկապես սեփական կարծիք ասած բանից զուրկ էին, հայտարարեցին, որ բոլորովին համաձայն են քարոզչի հայտնած մտքերի հետ։ Իսկ ոսկերիչ Գրիգորը, որ արդեն կատարելապես խմորված էր, մինչև անգամ ցանկություն հայտնեց նրանց «եղբայրության» մեջ մտնելու։ Քարոզչի ուրախությանը չափ չկար։ Բայց որպեսզի յուր արժանավորությունը կշռի մեջ պահեր, նա իսկույն չընդունեց ոսկերիչի առաջարկությունը, այլ խոստում առավ նրանից, որ նա կանոնավորապես կհաճախե յուր քարոզություններին շարունակ մի ամիս, և այնուհետև կարժանանա այդ կոչմանը։

Ոսկերիչը հավատարիմ մնաց յուր խոստմանը։

Նա շարունակ այցելում էր «եղբայրների» ժողովարանը և գրեթե միշտ ներկա էր գտնվում քարոզչի այն «հոգեշահ» ատենաբանություններին, որոնք տեղի էին ունենում երեկոները Կարոյի տանը։ Մարիամի բոլոր ջանքերը յուր ամուսնուն այդ մարդորս քարոզչի ճանկերից ազատելու համար ապարդյուն անցան։ Ո'չ նրա աղաչանքները, ո՛չ թափած արտասուքները չկարողացան դարձնել յուր ամուսնուն այն ճանապարհից, որի մեջ դիպվածով սահել էր նրա ոտքը։

Կնոջ ամենօրյա թախանձանքներից ազատվելու համար ոսկերիչը առժամանակ հնարեց ծածկել նրանից յուր այցելությունները «եղբայրների» ժողովարանը։ Այս պատճառով նա յուրաքանչյուր անգամ տանից ուշանալու համար մի նոր պատճառ էր հնարում։ Մարիամը շատ հոժարությամբ հավատում էր յուր ամուսնուն և եթե գիտենար իսկ, թե նա իրեն խաբում է, դարձյալ ավելի կկամենար խաբվիլ, քան յուր ամուսնուց լսել մի վճռական խոսք, թե նա ընդդեմ յուր