Էջ:Muratsan, vol. 1.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խելագարվում եմ, տիկին, օգնեցեք ինձ․ տվեք ինձ իմ աղջիկը… իմ Ելենան…

— Դուք կարծես թե դիտմամբ ինձանի՞ց եք պահանջում ձեր աղջիկը, — բարկացած վեր թռավ սեղանից տիկին Բերնարը և մի կողմ հրեց Հռիփսիմեին:

—Այո՛, տիկի՛ն, իմ աղջիկը ես ձեզանից եմ պահանջում, —հաստատ ձայնով գոչեց Հռիփսիմեն,— ես նրան ձեզ հանձնեցի, և դուք պիտի նրան իմ ձեռքը տաք… ես ոչ ոքին չեմ ճանաչում:

Այս միջոցին գրեթե բոլոր կարողները հավաքվել էին տիկին Բերնարի սենյակը. վերջինս բարկացած անցուդարձ էր անում նրանց մեջ: Հռիփսիմեի վերջին խոսքերը լսելով` «Կարոլի՛նա,—դարձավ նա աղջիկներից մինին,—կանչիր այստեղ ծառային, այս մարդկանցը ես խոսք չպիտի կարողանամ հասկացնել, թող ուրիշները այդ անեն»:

Կարոլինան իսկույն դուրս գնաց: Մի րոպեից հետո ծառան ներս մտավ:

—Ա՛յ տղա, գնա՛ այս րոպեին կանչիր այստեղ ոստիկանական վերակացուին,—ասաց նրան տիկին Բերնարը,— թող նա գա և արձանագրություն կազմե մի փախստական աղջկա համար, որի պատճառով մեզ զրպարտում են այստեղ:

Ծառան դուրս գնաց։

—Փախստակա՞ն… ուրեմն իմ Ելենան մի փախստական է… — կսկծալով խոսեց Հռիփսիմեն,— ինչպես հեշտության անպատվում են նրան։ օ՜հ, ո՛չ, ես չեմ հավատում․ այնպես չէ՞, Անտո՛ն, չէ՞ որ մեր Ելանան մի անմեղ, մի սուրբ աղջիկ էր․ իմ սիրտս վկայում է, որ նրան գողացել են, որ նրան ծախել են… նա ինքը չէր փախչիլ…

Այդ միջոցին Հռիփսիմեի աչքն ընկավ Նինոյի և Շուշանի վերա, նա իսկույն վեր թռավ տեղից և դիմեց նրանց․

—Նինո՛, Շուշա՛ն, դուք այստե՞ղ եք․ ի՜նչպես ես ձեզ չտեսի, ա՜խ ինչպես ես ուրախ եմ, դուք կասեք ինձ, թե ու՞ է գնացել Ելենան, այնպես չէ՞․ դուք նրա ընկերուհիներն եք․ նա ձեզ սիրում էր․․․ դուք անպատճառ կգիտենաք նրա տեղը