Էջ:Muratsan, vol. 1.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լութերական լինելուդ և տեսար, թե ունեի իրավացի պաճառներ, բայց այժմ չեմ ընդդիմանում: Այժմ ազատ կարող ես քո ընտրածդ հավատդ պաշտել, ես այլևս քեզ չեմ խանգարիլ, միայն դու էլ ինձ ու իմ երեխաներին ազատ թող մեր պապերի հավատը պաշտելու, դու էլ մի խանգարիլ մեզ: Ես առավոտ երեկո կերթամ իմ եկեղեցին, կաղոթեմ աստծուն առաջվան պես, կխոստովանիմ քահանայի իմ մեղքերը, ինչպես միշտ, առանց ընդհատելու կպահեմ իմ պահքը և նեղության մեջ ընկած ժամանակ կդիմեմ մեր սուրբերի բարեխոսությանը: Այս հավատով ապրել և մեռել են մեր պապերը, այս հավատով էլ կամենում են, որ ապրենք ու մեռնեք ես ու իմ որդիքս...

—Դու շատ խոսեցիր, Մարիմ, — պատասխանեց ոսկերիչը, — բայց այդ խոսածներիդ հետ ինձ համաձայնվել անկարելի է: Մենք մի ընտանիք ենք, մեր թե՛ կամքը և թե՛ մահը մի. հավատով պիտի լինի:

—Ուրեմն թող քո այդ նոր հավատը և նորեն դարձիր քո պապերի և մեր հավատին, այն ժամանակ մենք միահավասար կլինենք: Ավելի լավ է, որ մեկը շատերի հետ համաձայնվի:

—Անկարելի է, ես իմ հավատի ուղղությունը ճանաչելուց ետ նորեն մոլորության մեջ չեմ ընկնիլ, իմ հոգսը հենց ձեզ այդ մոլորությունից հանելն է:

—Բայց եթե ես ոչ մի կերպ չհամաձայնվիմ այս մոլորությունից դառնալու...

—Այդ հարցը մի անգամ արդեն արիր, և ես պատասխանեցի թե՝ դու կթշվառանաս և կթշվառացնես քո ընտանիքը:

—Բայց, Գրիգո՛ր, եթե դու և քո վարժապետները ուղիղ սրտով հավատում եք աստծո բարության, դուք պետք է գիտենաք, որ նա ձեզ մարդիկներիդ նման չար չէ, նա երբեք չի ցանկանա, որ դու այս կամ այն հավատը զոռով ընդունել տաս քո ընտանիքին, և եթե նա այդ չկամենա ընդունել, որ մեր խաղաղ տան մեջ խռովություններ մտնեն այդ բանի համար, ուրեմն այդ քո լութերական վարժապետներիդ էլ երբեք աստծուն