Էջ:Muratsan, vol. 2.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուղուրով լինի ոտքդ, ոչ պակաս լինիս մեր տանից.— սրտագին բարեկամությամբ ողջունեց Մելքոնը երիտասարդին և ձեռքից բռնելով առաջնորդեց նրան դեպի տուն։

— Ի՞նչ գեղեցիկ եղբոր որդի ունեք դուք, պ. Թովմաս,— հարցրեց Մելքոնը խնամուն, երբ նրանք ներս մտան տուն։

— Ձեր աղջիկն էլ պակաս գեղեցիկ չէ, երկուսին էլ աստված իրար համար է ստեղծել,— պատասխանեց Թովմասը կատարյալ անկեղծությամբ։

— Այո՛, ճշմարիտ է. բայց Պետրոսը մի քիչ ավելի է։

— Ո՛չ. իմ հարսնացուն ավելի գեղեցիկ է,— նկատեց Թովմասը, կարծելով, թե մի մեծ ճշմարտություն է պաշտպանում։

Թովմասն այն մարդկանցից էր, որոնք կարծում են, թե իրենցից փոքրերը ատամներ չունին։ Նա առանց քաշվելու գովում էր Խալաթյանի աղջկան այն կույր հավատով, թե՝ «Պետրոսը հո չի կարող նրա տգեղությունը տեսնել, ես յուր հորեղբայրն եմ և իրենից մեծը ու խելոքը, ուրեմն ինչ որ ես ասում եմ, կնշանակե ճշմարիտ եմ ասում և ինքն էլ պարտավոր է հավատալ»։ Այս տեսակ խելքի ու հասկացողության տեր մարդիկ շատ կան աշխարհում, որոնք հասակով, կամ նյութական կարողությամբ իրենցից նվաստ մարդիկների մեջ ոչ մի սեփական արժանավորություն չեն ուզում ճանաչել ո՛չ ճաշակի և ո՛չ կարծիքների վերաբերությամբ. և հենց այս սահմանափակ համոզմունքն է պատճառը, որ ի սկզբանե մինչև այսօր հնությունն ու նորությունը անվերջ պատերազմ են մղում իրար դեմ և երիտասարդ ուժը միշտ հաղթող է հանդիսանում, չնայելով որ ծերացած ուժը մինչև յուր վերջին շունչն էլ չէ խոստովանում յուր անկանգնելի պարտությունը…

Բայց Մելքոն Խալաթյանը բոլորովին ուրիշ մարդ էր. նա ավելի խորագետ և փորձված էր, քան ուրիշ շատ խելոք մարդիկ, որոնք առհասարակ հռչակված են լինում հասարակության մեջ։ Նա երեսի միմիկայից արդեն կարողանում էր ճանաչել յուր հետ խոսող մարդուն, և թափանցում էր նրա հոգու մեջ՝ ինչպես մի երևելի դիմագետ, և ըստ այնմ էլ հարմարեցնում էր յուր խոսքը խոսակցի, կամ ունկնդիրների հետ։ Պետրոսի դժգոհ դեմքից արդեն նա գուշակել էր, որ