Էջ:Muratsan, vol. 2.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երիտասարդը սիրով չէ այցելել յուր տունը և որ այդ գործի մեջ տեղի է ունեցել մի բռնություն։ Այդ պատճառով նա աշխատեց գրավել երիտասարդին։

— Է՜, ասա տեսնեմ, սիրելի փեսա, ինչպե՞ս է առողջությունդ, ինչպե՞ս են գործերդ. լսեցի, որ ոսկե մեդալով ես ավարտել ուսումդ, դա մեծ պատիվ է թե՛ քեզ համար և թե՛ հորեղբորդ համար, ապրիս, աստված էլ ավելի շնորհք տա: Բայց տե՛ս, որ շատ չկարդաս, որքան որ ուսում ես առել, բավական է։ Այժմ հասակդ առել ես, ժամանակ է, որ ամուսնանաս և ուրախացնես թե՛ մորդ ե թե՛ հորեղբորդ, որ հարազատ հոր երախտիք է տվել քեզ։

— Շնորհակալ եմ ձեր բարի խորհուրդների համար, պարոն, կաշխատեմ կատարել նրանց, եթե իմ ուժերս կներեն։

— Ուժերի գործադրությունը մեր կամքից ու կորովից է կախված,— նկատեց Խալաթյանը։— Անցան այն ժամանակները, երբ մարդիկ անգործ նստած աղոթում էին, որ այս կամ այն բարի հոգին հաջողե իրենց գործը կամ ձեռնարկությունը։ Այսօր բոլորն էլ հավատում են, որ մի գործ հաջողեցնելու համար ոչ թե հոգիների օգնության պետք է դիմել, այլ հաստատուն կամքին, հոգեկան կորովին, որոնք կարող են հաղթահարել ամենազորեղ արգելքներն անգամ։

— Այդ ճշմարիտ, է. բայց կա և մի փոքրիկ բացառություն, որ քանդում է այդ տեսության ճշմարտությունը։

— Այդպիսի բացառություն ես չեմ ճանաչում։

— Բայց նա գոյություն ունի։ Երբ մի գործի հաջողության դիմադրում է սիրտը, այն ժամանակ կամքը չէ կարողանում հաղթահարել նրան։

— Բայց մի՞թե բազմաթիվ են մեր մեջ այդ տեսակ սրտերը։

— Չգիտեմ, ես միայն իմ ճանաչած սրտերի մասին կարող եմ վկայել։

— Որոնցից մինը երևի ձերն է։

— Իհարկե, մարդիկ շատ անգամ այն բանի վերա են շատախոսում, ինչ որ իրենք ունին։

— Կեցջիք. ես սիրում եմ ձեզ նման ճշմարտախոս երիտասարդներին. և եթե ձեր սիրտը կամենա ինձ հետ բարեկամանալ