Էջ:Muratsan, vol. 2.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ուրեմ չհա՞ս կանեք,— ուրախությամբ հարցրեց պառավը։

— Անպատճառ, անպատճառ, ոչ ոք չէ կարող նրանց պսակել։

— Շատ ուրախ եմ. ահա՛ թե աստված ի՞նչպես է պատժում անզգամներին։

— Բայց դու հաստա՞տ գիտես, որ ճիշտ այդ է երիտասարդի և աղջկա ծագումը։

— Հաստատ, հաստատ, ինչպես որ սուրբ Գևորգի ինձ բժշկության շնորհք տալը հաստատ է։

Տեր Սարգիսը գրի վերա առավ Մարիջանից ստացած տեղեկությունները և շնորհակալություն անելով նրան՝ ուրախությամբ դուրս գնաց պառավի տնակից։

Տեր Գարեգինը, որ Պետրոսի տան քահանան էր և որին դիմել էր նա պսակի հրամանագիրը ստանալու, երիտասարդ, զարգացած, սրտով և զգացմունքներով ազնիվ, յուր կոչմանը հավատարիմ և կատարելապես նրան նվիրված մի անձնավորություն էր։ Նա այն հազվագյուտ քահանաներից էր, որոնք իրենց կոչմանը հավատալով՝ ապրում են միայն իրենց հոտի բարոյական կարիքը լցուցանելու և նրա ճշմարիտ բարեկեցությանը ծառայելու համար: Թեպետ հասարակ ժողովրդի մեջ դեռ շատերը չէին ճանաչում նրան, բայց զգոն և խոհական մարդիկ, որոնք արժանիք ճանաչելու ընդունակություն և ընտրողականի կիրթ ճաշակ ունեին, հարգում և մեծարում էին նրան։ Տեր Գարեգինը յուր անաչառ և անկեղծ բնավորությամբ ակնածելի և մինչև անգամ ահավոր էր նույնիսկ յուր պաշտոնակիցների աչքում։ Նրա ներկայությունը ամեն տգեղ երևույթ չքացնում և ամեն շփոթություն կարգի էր բերում. թեպետ, օրինակ, չէր պատահել, որ այդ բոլորի համար նա գործ դներ երբևիցե անհամեստ լեզու, կամ անքաղաքավարի միջոց։ Նա միակ անձն էր յուր ընկերակիցների մեջ, որ հոգվով չափ տխրում էր, տեսնելով քահանային այն աստիճանի վերա կանգնած, որը միանգամ փոքրոգի և շողոքորթ ստրուկների միակ հենարանն էր։ Նրա մեջ վիրքավորվում էր քահանայական մեծությունը, երբ տեսնում էր ժողովրդի