Էջ:Muratsan, vol. 3.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց խնդիրը դրանով չէր վերջանում, նամակի մեջ կային և այնպիսի բառեր, որոնց բուն սխալները պ. խմբագիրը գտնել կամ ուղղել չէր կարող։ Իսկ առանց ուղղելու անկարելի էր։ Նա մնացել էր շվարած։

«Արի՛ այս անգամ Մոմճյանի պատվերն անուշադիր թողնեմ և դիմեմ Մովսիսյանին. գործն իմ թերթին է վերաբերում և ոչ թե Մոմճյանին», — մտածեց ինքն իրեն խմբագիրը և նամակը վերցնելով մտավ Մովսիսյանի սենյակը։

— Ի՞նչ եք կամենում, — հարցրեց վերջինս կոշտ ձայնով։

— Ա՞յդ ինչ ընդունելություն է: Մի՞թե երևակայում եք, որ արդեն խռովել եք մեզանից,— նկատեց Շաշյանը։

— Ինչ որ երևակայում եմ, այդ իմ գործն է. ի՞նչ եք կամենում, աս՛ացեք։

— Հաշտվենք, բարեկամ, հաշտվենք, հակառակությունը լավ բան չէ։

— Հանգիստ թողեցեք ինձ, խնդրեմ։

— Հաշտվենք, ասում եմ։

— Այդ ես լսեցի, ուրիշ ի՞նչ ունիք ասելու։

— Մի նամակ կա։

— Ի՞մ հասցեին..։

— Ոչ, խմբագրությանն ուղղված։

— Ինձ ի՞նչ․ այսօրվանից ես ձեր խմբագրության ոչ աշխատակից եմ և ոչ բարեկամ։

— Այդ ես գիտեմ։

— Ուրեմն ի՞նչ եք կամենում։

— Նամակը, երևակայեցեք, շատ անգրագետ լեզվով է գրած և տառասխալներով լիքն է։

— Ինձ ի՞նչ:

— Կամենում էի խնդրել, որ ուղղեք...

Հա՛, հա՛, հա՛, հա՛, կամենում էիք խնդրել, հա՛, հա՛, հա՛, հա՛... պ. խմբագիրը կամենում է խնդրել, որ ուղղեմ... հա՛, հա՛, հա՛...

— Ի՞նչ եք ծիծաղում, պարոն, ես ձեզանից վիրավորանք ստանալու համար չմտա այստեղ։