Էջ:Muratsan, vol. 3.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոտենալով Թորոսյանի գրասենյակին, որը պտնվում էր «հայոց շուկայի» մեջ, նա կանգ առավ սալահատակ մայթի վրա, գրասենյակից մի քանի քայլ հեռավորությամբ, և սկսեց մտածել.

— «Զարգացած ու լուսավորված մարդկանց դիմեցի, հասարակական գործունեության նվիրվեցի, ազնիվ աշխատություն սիրեցի և, սակայն, հանդիպեցի անվանարկության, զրպարտության, կրեցի զրկանք ու հալածանք... Դիմեցի ծանոթ ու բարեկամ հայրենակցիս: Նա սեր ու մեծարանք ցույց տվավ, գեղեցիկ խոստումներ արավ, և, սակայն, կեսօրից ետ տմարդությամբ յուր խոստմանը դրժեց... Այժմ ո՞ւր եմ գնում այս անծանոթ մարդու մոտ։ Գիտության աշակերտներից, լուսավորության բարեկամներից ի՞նչ բարիք կամ օգուտ ստացա, որ այս խավարասեր, մամոնայի երկրպագու արարածից ինչ ստանամ։ Շիրաջ Մանասն էլ յուր տեսակում մի առևտրական է։ Նա կեսօրվա մեջ ինձ խաբեց, սա էլ, շատ֊շատ, մի շաբաթում կխաբե։ Ի՞նչ միտք ունի արդյոք շարունակ հիասթափվելու համար փորձեր անելը։ Ավելի լավ չէ՞ միանգամից այս անիծված կյանքից ազատվելը։ Ինչո՞ւ իմ ողորմելի գոյությունը պահպանելու համար այս աստիճան ընկճել եմ ինձ մտատանջության, հոգսերի և հոգեկան վշտերի տակ. կարծես թե աշխարհը մեծ կորուստ կունենա, եթե ես ինձ Քռի ալիքներին հանձնեմ... Ո՞վ է մտածում իմ գոյության մասին, ո՞ւմ համար մի գրոշ արժեմ ես... ո՞ւմ համար...»։

Վերջին խոսքի վրա կանգ առավ երիտասարդը։ Կարծես մի աներևույթ հոգի շշնջաց նրա ականջին. «Դու շատ բան արժես քո ծնողաց համար. քո սիրելի քրոջ համար... դու թանկ արժես և նրա համար, որ մի քանի օր առաջ գրել էր քեզ թե՝ «ձեր անջատումը ամեն զրկանքներից ավելի ցավ պատճառեց մեր սրտին...»»։

Այս գաղտնի շշունջը երիտասարդի զգայուն սրտի ձայնն էր, որ կամենում էր ուժ ներշնչել վհատված հոգուն և խրախուսել նրան աներկյուղ առաջ գնալ դեպի կյանքի փորձությունները։ Եվ իրավ, այդ ձայնը սթափեցրեց երիտասարդին, նա ոգի առավ և հաստատուն քայլերով առաջանալով՝ գրեթե լսելի ձայնով շշնջաց.