Էջ:Muratsan, vol. 3.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաշելով նստեց և ձեռքը ծնոտին տալով մի քանի րոպե շարունակ մնաց լուռ, որպես թե բերած նորությունը դժվարանում էր հայտնել։

— Է , ի՞նչ պատահեց, պատմի՛ր, է.— անհամբերությամբ խոսեց Թորոսյանը։

— Ի՞նչ պատմեմ, մնացել եմ շվարած. ո՞վ կարող էր կարծել, թե նա այսպես սխալմունք կարող էր անել. խեղճ տղա, ափս՜ոս տղա.

— Ի՞նչ սխալմունք. ի՞նչ տղա, ո՞վ է ինչ արել, ասա՛ , է՜ ։

— Մեր Վահանը:

— Նա ի՞նչ է արել. կռվե՞լ է, գողությո՞ւն է արել, բռնե՞լ են...

— Երանի չէ՞ր լինիլ թե կռված կամ գողություն արած լիներ:

— Ուրեմն ի՞նչ, մա՞րդ է սպանել, ասա՜ է՜,— համբերությունը կորցնելով գոռաց Թորոսյանը։

— Սա էլ մարդ սպանելու նման բան է, է՜լի,— այս ասելով նա հանեց ծոցից «Մանդաղ»-ի համարը և դրեց սեղանի վրա:

— Ի՞նչ լրագիր է այդ. ինչո՞ւ համար ես բերել,— հարցրեց Թորոսյանը աչքը թերթի վրա ձգելով։

— Դուք այն պայմանով չվարձեցի՞ք Վահանին, որ նա լրագրական շրջաններից հեռու պահե իրեն և, մինչև անգամ, պահանջեցիք, որ Նադիրյանից հեռանա՞ ։

— Այո՛. ի՞նչ է պատահել, մի՞թե նա էլի Նադիրյանի մոտ է բնակվում։

— Ինչպես չէ. նրանք միասին են բնակվում։ Բայց դեռ այդ ոչինչ։ Դուք տեսեք, թե մեկը մյուսի խորհրդով ի՞նչ խայտառակ գործեր են ուզում կատարել։

— Ի՞նչ խայտառակ գործեր։

Գանձապահը մի առ մի պատմեց Թորոսյանին այն բոլորը, ինչ որ Նադիրյանն ու Սարյանը մտածել էին գործակատարների համար անելու, ավելացնելով յուր կողմից նաև այնպիսի պատմություններ, որոնք Թորոյանի զայրույթը վառեցին։ Բայց վերջինս, որովհետև խնդիրը յուր ազգակցի մասին էր, աշխատում էր խաղաղ բռնել իրեն և այնպես էր ձևացնում,