Էջ:Muratsan, vol. 3.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՛չ, «Մանգաղ»-ի խմբագիրը։

— Հա՛ «Մանգաղ»֊ի խմբագիրը, ուրեմն շարունակիր․ նա մարդավարի խոսել չի կարող․ նրա գրվածքների համն ու հոտը յուր հայհոյանքներն են, այդ բանին մեր ականջները վաղուց են սովորել, բայց ասած է. «շունը կհաչի, քարվանը կքոչի», շարունակիր։

Գանձապահը շարունակեց։ Երբ առաջնորդողը վերջացավ, այժմ Վահանի հոդվածն եմ կարդում,— հայտարարեց նա և սկսեց «Մի մոռացված դասակարգ» խորագրով հոդվածը կարդալ։

Թորոսյանը աչքերը չորս բացած և ականջները սրած լսում էր։ Երիտասարդ գրողի ամեն մի խոսքը, նկատողությունը, բերած փաստերը, մերկացումները, կարծես սուր սլաքի պես ծակում, խոցոտում էին հին վաճառականի հիվանդոտ վերքերը։ Նա զայրանում, կատաղում էր, աչքերը լցվում էին արյունով և դեմքը պատում էր կատաղության կարմրությունը։

Մինչև այդ օրը քանի՜֊քանի՜ այդպիսի հարձակումներ էր կարդացել նա «Մանգաղ»֊ի մեջ բոլոր վաճառականների հասցեին ուղղած, բայց դրանցից և ոչ մեկը նրան այնպես չէր վրդովել, չէր զայրացրել, նա մինչև անգամ խմբագրի առաջնորդողի ընթերցումը մի քանի րոպե առաջ արհամարհանքով լսեց, ինչպես որ արհամարհանքով կարդացել էր նրա շատ այդպիսի առաջնորդողները, բայց Վահանի այդ հոդվածը նրա հոգին վրդովում, ալեկոծում էր, որովհետև նա գրում էր այն, ինչ որ կար իսկապես, մերկացնում էր այն, ինչ որ տարիների ընթացքում ծածկվել, անտեսանելի էին մնացել լուսամիտ մարդկանց աչքերից, ինչ որ կարող էր վրդովել ազնվասիրտ մարդուն և ինչ որ աղմուկ ու բողոք պիտի հարուցաներ ամբողջ լրագրության մեջ... եթե իսկապես լրագրության կառավարների սրտին մոտ լիներ այդ պատվո և իրավունքի պաշտպանության խնդիրը։

— Ահա՞ թե ինչ կնշանակե անարժան մարդուն տան մեջ ընդունել, հավատարիմ ճանաչել և գաղտնիքները հայտնել...— գլուխը շարժելով և մորուքը ձգելով խոսեց Թորոսյանը, երբ գանձապահը յուր ընթերցումն ավարտեց։— Երբ նա աոաջին անգամ հայտնեց ինձ թե՝ ծառայել է խմբագրության մեջ, թե